Ս. Սուրենյանց. Ինտրիգն այն է, թե ո՞վ է լինելու ընդդիմության առանցքային ուժը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՞, թե Գագիկ Ծառուկյանի թիմը
«Երևանի ավագանու ընտրություններում լարվածություն է սպասվում, որովհետև հիմնական քաղաքական ուժերը մասնակցում են դրանց»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նրա դիտարկմամբ, բացառությամբ «Առաքելություն» կուսակցության, որն ավագանու ընտրություններում ուղղակի մասնակցության հայտ է ներկայացնում, մնացած վեց քաղաքական ուժերից (ՀՀԿ, ԲՀԿ, «Բարև, Երևան» դաշինք, ՀԱԿ, ՀՅԴ և ՕԵԿ) բոլորն էլ ավագանիում ներկայացված լինելու հնարավորություններ ունեն: Սակայն, ըստ քաղաքագետի, թե Երևանի քաղաքապետի, թե ավագանու համար հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև, Երևան» դաշինքի միջև:
«Ուսումնասիրելով կուսակցությունների ներկայացրած ցուցակների առաջին եռյակը՝ կհասկանանք, որ կուսակցությունները տարբեր խնդիրներ են լուծում այս ընտրություններում: ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ցուցակի առաջին եռյակը տեսնելիս նկատում ենք, որ նրանք այս կամ այն ոլորտում կայացած մարդիկ են, դրանով այդ ուժերը փորձում են հնարավորինս ապաքաղաքականացնել ընտրությունները, իսկ ԲՀԿ, ՀՅԴ և «Բարև, Երևան» ցուցակների առաջին եռյակները խիստ քաղաքականացված են, նրանք ասում են, որ գնում են Հանրապետականի մենաշնորհը կոտրելու, իսկ ՀԱԿ-ի ցուցակը նվազ քաղաքական հավակնություններ ունեցող ցուցակ է»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Քաղաքագետը նշեց նաև, որ Երևանի ավագանու ընտրությունները ՀՀԿ-ի համար ներքին ինքնավստահությունը վերականգնելու միջոց են հանդիսանում, իսկ ընդդիմության խնդիրն է ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ն պարտվի, սակայն անհրաժեշտ միասնականությունը լիարժեքորեն չի ստացվում, և ընդդիմության ներսում կա լուրջ մրցակցություն:
«Ավագանու ընտրությունները ունենալու են երկու ինտրիգ՝ ՀՀԿ՞-ն է ունենալու քաղաքապետ, թե՞ ընդդիմությունը, և երկրորդը թե 500 հազար ձայնի կապիտալը ո՞ւմ է պատկանում՝ Գագիկ Ծառուկյանի՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսինքն՝ բացի քաղաքապետի պաշտոնի համար պայքարից գնալու է պայքար, թե ո՞վ է լինելու առաջիկա տարիներին ընդդիմության առանցքային ուժը՝ Րաֆֆո՞ւ, թե՞ պարոն Ծառուկյանի թիմը»,- նշեց Սուրեն Սուրենյանցը: