«Արմավիան» ռուսական ընկերություններին պարտք է մոտ 54 միլիոն ռուբլի
Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան» ռուսական ընկերություններին մոտ 54,2 միլիոն ռուբլու ժամկետանց պարտք ունի: Այս մասին «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ասված է «Ռոսավիացիա» ընկերության տարածած հաղորդագրությունում:
Գումարի մեծ մասը, մոտ 44,3 միլիոն ռուբլին, ընկերությունը պարտք է մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանին, ևս մեկ միլիոն` «Սոչի» և «Կրասնոդար» օդանավակայաններին: Բացի այդ, փոխադրողը պարտավորություններ ունի Ռոսավիացվիայի նկատմամբ` 2013 թ-ի հունվարին ավիանավիգացիոն ծառայությունների դիմաց 288 հազար դոլար ընդհանուր գումարի չափով:
Հիշեցնենք, նախօրեին «Արմավիա» ավիափոխադրողն հայտարարել էր, թե ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները և սկսում սնանկացման գործընթացը:
«Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները, և սկսել սնանկացման գործընթացը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, ում հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն», - ասված էր ընկերության նախօրեին տարածած հաղորդագրության մեջ։