Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը: Ընդ որում, այդ առաջարկը, ըստ թերթի, Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով: Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը:
Ըստ նրա` Ս. Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել` գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է` գրության վրա «խաչ» քաշելով: Սաֆարյանի խոսքով` նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են: