ՍԴ նախագահը կպաշտոնավարի մինչև 70 տարեկան դառնալը
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչև 70 տարին լրանալը կշարունակի ղեկավարել: Դա կարգավորվում է Հայաստանի Մայր օրենքով` Սահմանադրությամբ:
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն տեղեկություններ են տարածվում, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որի 65 տարին լրացել է մարտի 23-ին, այլևս չպետք է պաշտոնավարի:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը նախ վկայակոչեց Սահմանադրության 42-րդ հոդվածը` «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով», այնուհետև ասաց. «Այդ առումով Սահմանադրական դատարանի նախագահի վրա տարածվում է իրավական վիճակը բարելավող դրույթը և այդպիսով ՍԴ այն անդամները, որոնք նշանակվել են մինչև 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները, կպաշտոնավարեն մինչև 70 տարեկան դառնալը»:
Սահմանադրության մեկ այլ 117-րդ հոդվածի, 13-րդ կետի համաձայն, «սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը»:
Հետևաբար, ըստ սահմանադրագետի, նման լուրեր տարածողները տեղյակ չեն Սահմանադրության դրույթներին: «Սահմանադրության մեջ այդ ամենը պարզ գրված է, և ամոթ է, նման խոսակցություններ տարածելը: Եթե մի բան պարզ գրված է, ապա որևէ տարաձայնություն չի կարող առաջանալ», -հավելեց պարոն Այվազյանը:
Նշենք, որ մինչև 65- տարեկան դառնալը կարող են պաշտոնավարել Սահմանադրական դատարանի միայն 3 անդամներ` Մանուկ Թոփուզյանը, Աշոտ Խաչատրյանը և Արևիկ Պետրոսյանը. Վերջինները նշանակվել են 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո: ՍԴ մյուս 6 անդամները կպաշտոնավարեն մինչև 70 տարեկան դառնալը: