Հովհաննիսյանը հեռացավ Կապանից. Շատ շնորհակալ եմ, որ մարզպետն ինձ կենդանի թողեց
Ոստիկաններից մեկը Կապանի հրապարակում հայտարարեց, որ հավաքի մասին քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաքն անօրինական է, հավաքի մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի սպառնալիք, ոչ մի նահանաջ, սրանք երկունքի վերջին ցավերն են, վերջին հակազդեցությունները, սրանք ծառայելու են ձեզ»:
Այնուհետև ոստիկանների հայտարարությունները խլացան հավաքվածների բացականչությունների մեջ: Հովհաննիսյանը ոստիկաններին կոչ արեց զգոն լինել, հայտարարեց, որ իրենք գնում են ննջեցյալների հիշատակը հարգելու:
«Սա միջադեպ չէ, այլ միջադեպի բացակայություն: Պարոն մարզպետը չեկավ ժամադրության, շատ շնորհակալ եմ, որ կենդանի թողեց, բայց դա աստծու շնորհն է: Նա չեկավ, բայց ուրիշ մարդկանց ուղարկեց»,-Ազատություն ռկ-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե մյուս քաղաքներում իրազեկումներ արվել են հավաքների մասին, Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այս մասին հայտարարել է ուրբաթ օրը Ազատության հրապարակում, ոստիկանապետին էլ կոչ է արել հսկել իր անվտանգությունը:
Կապանից նրանք ուղևորվեցին դեպի Գորիս: