Խորեն Աբրահամյան… «Նա այն փայլուն դերասաններից է, որոնք շատ չեն՝ երեք-չորս հոգի են»
Գևորգ, Ռոստոմ, Պավլե, Արմեն, Մյասնիկյան, Տեր-Ավետիս, Արա, Կորիոլան, … Այս շարքը կարելի է շարունակել: Բոլորին միավորողը` ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր, խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասան Խորեն Աբրահամյանն է:
Այսօր տաղանդաշատ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է… 83 տարեկան:
1951-ին նա ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, նույն տարվանից աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում: 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985–1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
Խորեն Աբրահամյանի կատարած դերերից են` Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Արամ (Ա. Արաքսմանյանի «Վաթսուն տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը», նաև կինոյում՝ «Երկունք», 1977), Կորիոլան (Շեքսպիրի «Կորիոլան», ԽՍՀՄ Պետ. մրց., 1981)։ Բեմադրություններից են՝ «Հացավան» (ըստ Ն. Ձարյանի), Շեքսպիրի «Ջոն արքա» (երկուսն էլ՝ Սունդուկյանի անվ. թատրոնում), Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո՝ Ա., ՀՀ Պետ. մրց., 1988, Լենինականի թատրոն)ը։
Նկարահանվել է կինոյում` «Առաջին սիրո երգը», «Սարոյան եղբայրներ» (ՀՀ Պետ. մրց., 1971), «Երևանյան օրերի խրոնիկա», «Մենք ենք, մեր սարերը») և այլն:
«Արվեստում չի կարելի պատճենահանել, իսկ կինոյում դա առավել վտանգավոր է: Էկրանը կեղծիք չի ընդունում, բայց չի կարելի այն հայելի դարձնել»,- ասել է Խորեն Աբրահամյանը: Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանն ասել է. «Ես համարյա չունեմ, չեմ խաղացել մի դեր, որում «ես» չլինեմ, իմ «եսը» չլինի…»»:
Թատերագիր Պերճ Զեյթունցյանը Խորեն Աբրահամյանի մասին ասել է. «Խորենը տասնամյակներ շարունակ կռիվ է տվել էկրանի, բեմի վրա՝ իր դեմ, հասարակարգի դեմ, գրաքննության դեմ՝ հանուն ճշմարտության, գեղարվեստական ճշմարտության: Նա այն փայլուն դերասաններից է, որոնք շատ չեն՝ երեք-չորս հոգի են: Մենք ունենք մեծություններ, որոնք եկան, հետո հեռացան, բայց աշխարհը չիմացավ նրանց գոյության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում