Րաֆֆի Հովհաննիսյան. Ապրիլի 9-ը տունը նստելու օր չէ
Թալինում և Արագածոտնի մարզում շատ բան է փոխվելու: Քառօրյա «ազգային զորահավաքային» արշավի շրջանակում Թալինում քիչ առաջ հայտարարեց «Ժառանգություն» կուսակացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Հովհաննիսյանի շտաբից, արշավը միտված է Ազատության հրապարակում ապրիլի 9-ին ժամը 11:00-ից սկիզբ առնող Նոր Հայաստանի երդմնակալության արարողության համար քաղաքացիների հավաքագրմանը:
«Ապրիլի 9-ին պետք է դառնանք մեկ մարմին, մեկ բռունցք, և տոնենք այն հաղթանակը, որ դուք արձանագրեցիք փետրվարի 18-ին: Ապրիլի 9-ը տունը նստելու օր չէ: Դրանից հետո կերևա ով սասունցի է, մշեցի, ով Գևորգ Չաուշի հետնորդ: Տեսնելու ենք, դա լինելու է բոլորիս քննությունը, ոչ միայն իմը: Այսօր ուժեղացած եմ ձեզանով, ունեմ պատասխանատվություն ձեր առաջ, ես չեմ դրժելու այդ պարտականությունը, և խնդրում եմ ձեզ էլ չդրժեք ձեր պատասխանատվությունը ձեր ընտանիքի, ձեր հայրենիքի առջև: Ոչ ոք ազատությունը սկուտեղի վրա ձեզ չի մատուցելու»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Նոր Հայաստան հռչակելուց հետո Թալինը կունենա ազատ ընտրություն, վերջ կդրվի կուսակացական կռիվներին:
Նա ասաց, որ իշխանությունը, որ պատրաստվում է գնալ երդմնակալության, մեկ շաբաթ ունի որոշումը վերանայելու համար, ապրիլի 9-ը լինելու է ազգային միասնության օր:
Հովհաննիսյանն իր խոսքում նաև դատապարտեց Պռոշյանի գյուղապետի սպանությունը, որակեց ստոր ու համազգային ոճրագործություն, ասաց, որ իշխանությունից պահանջում է անմիջապես բացահայտում:
Հովհաննիսյանի շտաբից տեղեկացնում են, որ ապրիլի 9-ին կգործի իրավաբաններից և պատգամավորներից կազմված արագ արձագանքման խումբը, որն ընթացք կտա մարզերից դեպի մայրաքաղաք քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումներին: Նման դեպքերում նա քաղաքացիներին հորդորեց ենք զանգահարել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ հետևյալ հեռախոսահամարներով՝ 53-69-13 կամ 52-87-80:
Այսօր արդեն եղել է Եղվարդում, Ուջանում, Թալին 11:00, այսօր նախատեսված են այցեր Արթիկ, Գյումրի, Արմավիր,, Էջմիածին, վաղը` Աբովյան, Նոր Հաճըն, Մարտունի, Սևան, Իջևան, Բերդ: