Արթուր Բաղդասարյանը թերագնահատեց Վարդան Օսկանյանին ու քաղաքապետի մյուս թեկնածուներին
ՕԵԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթոր Բաղդասարյանը չի կիսում կոալիցիոն գործընկերների՝ որոշ ՀՀԿ-ականների հնչեցրած այ տեսակետը, որ Տարոն մարգարյանն արդեն վերընտրված քաղաքապետ է և ավագանու ընտրություններին պայքարը գնալու է պատվավոր երկրորդ տեղի համար:
Ավելին, նրա համոզմունքով ոչ թե ընդիմադիր դաշտից այլ հենց ՕԵԿ-ից է Տարոն Մարգարյանի լուրջ մրցակիցը և պայքարը կգնա ՕԵԿ ցուցակն առաջնորդող թեկնածու Արմեն Երիցյանի և գործող քաղաքապետի միջև:
«ԱԻ նախարար Արմեն Երիցյանը լավ կազմակերպիչ է և նա ապացուցել է հանրությանը, որ կարճ ժամանակահատվածում ստեղծել է ուժեղ նախարարություն: Եվ ես վստահ եմ, որ ավագանու ընտրություններին հիմնական պայքարը կընթանա հենց այս 2 անձերի՝ Արմեն Երիցյանի և Տարոն Մարգարյանի միջև»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Փաստորեն իրեն ՀՀԿ-ի միակ լուրջ մրցակից տեսնող կուսակցության առաջնորդը թերագանահատեց քաղաքապետի մյուս թեկնածուների հնարավորությունները, միևնույն ժամանակ խուսափելով որևէ գնահատական տալ գործող քաղաքապետի կատարած աշխատանքին:
Ինչպես երևում է, ողջ քարոզարշավին ՕԵԿ-ականները խստորեն կհետևեն կոալիցիոն գործընկերներոջ «էթիկայի կաննոներին» և հանդիպումների ժամանակ՝ ինչպես պայքարի մեջ մտած մյուս մրցակից ուժերը, կխոսեն ոչ թե քննադատության լեզվով՝ այլ ընդամենը ծրագրերի:
«Երևանում շատ բան կարելի է փոխել, այսինքն կարելի է անել ավելին, իսկ մեր ծրագիրը մրցունակ է և մենք գնում ենք ընտրություների միայն հաղթելու վճռականությամբ», - հայտարարեց պարոն Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահը լավ է հիշում Երևանի ավագանու ընտրություներին տարած նախորդ պարտությունը, բայց դա կապում է ոչ թե իրենց ցուցակն առաջնորդող Հեղինե Բիշարյանի անձի կամ հնարավորությունների, այլ այն ժամանակ երկրում առկա քաղաքական իրավիճակի հետ:
«2009-ին Երևանի ավագանու ընտրություներին մենք հավաքել ենք 6 % ձայն, բայց նկատենք, որ դա 2008-ի նախագահական ընտրություններից հետո էր՝ 1 տարի անց, երբ հանրային տրամադրություները իրարամերժ էին: Մենք դարձանք կոալիցիոն կառավարության անդամ և մեր որոշումը ոչ բոլորը սատարեցին, աջակցեցին, բայց միևնույն է՝ հավաքեցինք 33000 քվե, իսկ դա Երևանում քիչ չէր: 2012 ԱԺ ընտրություներին Երևանում մենք հավաքել ենք մեծ թվով քվեներ և ես վստահ եմ, որ այս ընտրություներում մենք կհաղթենք ու Երևանի կառավարման համակարգում կունենանք մեր մաքսիմում մասնակցությունը», -ասաց Ա.Բաղդասարյանը:
Վերջում ՕԵԿ նախագահն ընդգծեց, որ այս ընտրություններին պետք է իրենց դիտարկել ՀՀԿ մրցակից ուժ և որ իրենք ունեն Երևանի զարգացման իրենց տեսլականը, իսկ երևանցին անպայման կտեսնի ՀՀԿ- և ՕԵԿ ծրագրերի տարբերությունը, որպեսզի ըստ այդմ որոշում կայացնի:
Հ.Գ. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հիման վրա իրեն ՀՀԿ-ի լուրջ մրցակից համարող ՕԵԿ ղեկավարին հարկ ենք համարում հիշեցնել, որ 2012-ի խորհրդարանական ընտրություներին Երևանում ՕԵԿ-ի հավաքած ձայների քանակը կազմում է շատ ավելի քիչ՝ 24 304 քվե, իսկ դա նշանակում է, որ հատկապես վերջին ընտրությունների արդյունքների հույսով ընտրապայքարի մեջ մտած ՕԵԿ-ն տրամաբանական չէ անգամ անզեն աչքով համեմատության մեջ դնել ու մրցակից համարել մի կուսակցության, որն ունի ահռելի ռեսուրսներ՝ սկսած վարչական շրջանների կուսակցական ղեկավարներից, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից մինչև Երևանի թաղային հեղինակություններ ու օլիգարխներ:
Հարցազրույցը` Սյուզի Բադոյանի