Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդության դեպքերի ավելացում
Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է:
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին:
Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերի կողմից մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրվել է աուտիզմի 502 նոր դեպք, համապատասխանաբար` 75,80,105,118,121:
Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:
Աուտիզմով երեխաների կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ կարելի է օգնել երեխաներին հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը, հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի լավացմանը:
Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնը` իր 7 «Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն» մարզային մասնաճյուղերով, որտեղ աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում` չհասնելով մայրաքաղաք: Վերջին տարիների մյուս կարևոր ձեռքբերումն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ապարանի առողջարարական ճամբարում աուտիզով 16 երեխայի հանգստի կազմակերպումը իրենց մայրերի հետ` տարեկան երեխա: Այդ կարճատև երկշաբաթյա հանգստի դրական արդյունքը դժվար է գերագնահատել, իսկ գործընթացը կարելի է դիտել որպես 3 ոլորտների (առողջապահական, սոցիալական, կրթական) միահամուռ աշխատանքի արդյունավետության մի մոդել:
Իրականացվում են մի շարք վերապատրաստման դասընթացներ` ուղղված առաջնային օղակի մասնագետների գիտելիքների բարձրացմանը, իրազեկման ծրագրեր հանրակրթական և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների, դաստիարակների, աշակերտների և ծնողների համար, որի նպատակն է ներկայացնել աուտիզմի խնդիրը, այդ թվում` աուտիզմով երեխաների կրթության մեջ ներգրավմանը, հասակակիցների հետ հաղորդակցմանը վերաբերող հարցեր:
«Արաբկիր» հիմնադրամի և գործընկերների համատեղ ուժերով, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սկիզբ է դրվել մի ծրագիր, որի շրջանակներում սկսվել է համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային մոդելի ստեղծման գործընթացը: Դրա շրջանակներում Երևանի քաղաքապետարանի N9 մանկական պոլիկլինիկայում վերանորոգվել և կահավորվել է տարածք, իրականացվել է վերականգնողական թիմի ձևավորման և կրթության գործընթացը:
Աուտիզմի խնդրի հաղթահարումը կարող իրականություն դառնալ միջգերատեսչական համագործակցության և հասարակության լայն շրջանակների` այս կարևորագույն խնդրի շուրջ համատեղ ջանքերի և կոնսոլիդացիայի շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա