Լրատվության վարչության պետը նշանակվել է ոստիկանության կոլեգիայի անդամ
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամ է դարձել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Սա ՀՀ ոստիկանության պատմության մեջ առաջին անգամն է, երբ լրատվության, այսինքն` լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատող մարդը հայտնվում է այնպիսի կառույցում, որտեղ լրջագույն քննարկումներ են ընթանում` կապված ոստիկանության համակարգի հետ»,-գրել է թերթը:
Ի դեպ, Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի 2010 թ. նոյեմբերի 12-ի հրամանով: Ահարոնյանը ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա ՀՀ ոստիկանության ակադեմիան` ստանալով իրավագետի որակավորում: Ա. Ահարոնյանը ՀՀ ոստիկանության համակարգում է 1994 թվականից: