Մանկական գրքի միջազգային օրն է. «Աշխարհում այնքան էլ շատ չեն մանկագիրները»
Այսօր Մանկական գրքի միջազգային օրն է, որը նշվում է 1967-ից յուրաքանչյուր տարի ապրիլի 2-ին: Օրն ընտրվել է ի պատիվ մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի, ով ծնվել է 1805թ-ին հենց այս օրը: Օրը սկսվել է նշվել Մանկական գրքի միջազգային խորհրդի (International Board on Books for Young People, IBBY նախաձեռնությամբ:
Նախաձեռնողները նշում են, որ հենց մանկուց պետք է կարդալ, շատ կարդալ, կարդալ լավ գրքեր, այդպիսով պրոպագանդելով մանկական գիրքը, կարևորելով այն նոր սերնդի հոգևոր և ինտելեկտուալ կերպարի ձևավորման գործընթացում:
Մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև այսօր հայ մանկագիրների գրքերը հրատարակվում են, թարգմանություններ էլ են լինում, բայց «այս բնագավառը հիմա մեզանում ճոխ հեղինակային կազմ ունեցող բնագավառ չէ, հիմնականում տարիքն առած, փորձառու մանկագիրներ են, երիտասարդները հազվադեպ են գրում երեխաների համար»: Նա նաև նշեց, որ հեշտ բնագավառ չէ. «Պետք է մանկական գրողը տաղանդավոր լինի, ավելի լավ գրի, քան մեծերի համար գրողները, քանի որ նրանց ընթերցողը մանուկն է, իսկ նրա համար պետք է հաճելի, գեղեցիկ գրվածքներ լինեն»: Է. Միլիտոնյանի խոսքով, ընդհանրապես, ամբողջ աշխարհում փնտրված ասպարեզ է, աշխարհում այնքան էլ շատ չեն մանկագիրները: «Ամեն գրիչ վերցնող չի կարող երեխայի համար գրել»,- պնդում է մանկագիրը: