Պռոշյանի գյուղապետի սպանությունը կանխամտածված ու ծրագրված սպանություն էր. ՀՅԴ ԳՄ
Հ. Յ. Դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարություն էտարածել այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:
Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ` նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականոթյուն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին:
Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում` կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»:
Պռոշյանի գյուղապետը սպանվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին