Այսօր կայանալու է «Նիկա» մրցանակաբաշխությունը. «Եթե բոլորը…» ֆիլմը հավակնորդների շարքում է
Այսօր կայանալու է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընտրվելու են 2012-ին նկարահանված լավագույն ֆիլմերը:
Նշենք, որ մրցույթի «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում ներկայացված է նաև Արցախյան պատերազմի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը: Այս անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են՝ ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան» (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա) ֆիլմերը:
Նշենք, որ «Եթե բոլորը…» ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոների, արժանացել մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը լավագույնն է ճանաչվել Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում: «Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին:
Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։
Ըստ մրցանակաբաշխության պաշտոնական կայքի, ընդհանուր առմամբ, 16 անվանակարգում որոշվելու են լավագույնները: «Պատիվ և արժանապատվություն» հատուկ մրցանակին են արժանանալու Ինա Չուրիկովան և Գլեբ Պանֆիլովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում