Խ. Հարությունյան. Քաղաքապետարանն իր ո՞ր ֆունկցիայով պետք է հակակշռի կառավարությանը
«Ինձ համար մի քիչ անսպասելի էր այն, որ ինչպես վերջում պարզվեց, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել էր օգտվել առիթից և Մեծ պահքի կապակցությամբ ծոմ էր պահում: Այսինքն` սկզբնական փուլում թվում էր, թե հացադուլը քաղաքական ակցիա է, բայց վերջում պարզվեց, որ այն այնքան էլ քաղաքական չէ»,- այսօր, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի` հացադուլը դադարեցնելու հանգամանքին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանի այդ ակցիայի քաղաքական արժեքը շատ ավելի մեծ կլիներ, եթե նա այն չներկայացներ որպես Մեծ պահքի ծոմ:
Այնուհետև, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի` մարզեր կատարած այցելություններին, բանախոսն այն համարեց «շատ բնական», ապա ասաց. «Ընդդիմությունը շարունակում է քաղաքական ակտիվությունն ապահովել, դրանցում ներգրավելով ոչ միայ երևանյան, այլև մարզային ազգաբնակչությանը` հաղորդակից դարձնելով նրանց քաղաքական զարգացումներին»:
Խ. Հարությունյանի համոզմամբ` ընդդիմությունն այդ եղանակով փորձում է հասնել այն նպատակներին, որոնք նա դրել է իր առաջ:
Նա նաև անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին` ընդգծելով, որ այն «բացառապես օրակարգում կունենան միայն և միայն քաղաքային տնտեսության հետ կապված, մեր առօրյայի հետ կապված խնդիրներ և դրանք որքան էլ փորձենք դարձնել համապետական, ուղղակի կարծում եմ` արդարացված չի լինի»:
«Ընդդիմության ներկայացուցիչների կողմից հաճախակի է հնչում այն միտքը, որ` եթե մենք կարողանանք վերցնել Երևանի քաղաքապետարանը կամ քաղաքապետը լինի ընդդիմության ներկայացուցիչ, ապա դա կձևավորի շատ ռեալ հակակշիռներ: Կներե´ք, որևէ մեկը, ով քիչ թե շատ պատկերացվում ունի պետական կառավարման մասին, չի կարող այսպիսի բան պնդել: Ես չեմ հասկանում Երևանի քաղաքապետարանն իր ո՞ր ֆունկցիայով կամ ո՞ր պատասխանատվությամբ պետք է հակակշռի Հայաստանի կառավարությանը: Չկա այդպիսի հասկացողություն»,- եզրափակեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան