Մետրոյի «Երիտասարդական» կայարանից հանվում են ապօրինի կառուցված կրպակները (Տեսանյութ)
«Այստեղ լինելու է գրքերի կրպակներ». այս հայտարարությունը քանի օր է ուշադրություն է գրավում բոլոր նրանց, ովքեր օգտվում են մետրոյից ու հատկապես լինում «Երիտասարդական» կայարանում: Ավելին` այս հայտարարությունը գրավում էր ուշադրությունը նաև այն պատճառով, որ օրվա թեժ ժամերին, երբ մետրոկայարանը լի է ուղևորներով, այս տարածքում մարդկային խցանումներ էին տեղի ունենում, քանի որ երկար մարմարե անցումը բավականին նեղացել էր: Այսօր էլ պարզվեց, որ դեռևս դատարկ ապակեպատ կրպակների վրա փակցված այս հայտարարության բովանդակությունը կյանքի չի կոչվի, քանի որ 60 մետր երկայնքով ապակեպատ այդ կրպակաշարը կառուցվել է ապօրինի: Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ապամոնտաժվում կրպակները:
«Առանց Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի թույլտվության կառուցվել է 60 մետր կրպակաշար, որի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին հայտարարվել է խիստ նկատողություն. կրպակաշարն էլ քանդվելու է»,- Panorama.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը` մատնանշելով, որ ապօրինի այդ կրպակաշարի կառուցումը բավականին նեղացրել էր դեպի կայարան տանող անցումը:
Պաշտոնյան նշել է, որ կրպակաշարը նախատեսված է եղել գրքերի վաճառքի համար, բայց առանց համաձայնության դա չէր կարող իրականացվել և ճիտ որոշումն այն է, որ կրպակաշարը ապամոնտաժվի:
Նշենք, որ ապամոնտաժման գործընթացին հետևում էր նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Մյուս մանրամասները` տեսանյութում: