«Շախտյորը» Հենրիխ Մխիթարյանին բաց կթողնի 30 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում
Եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը` Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբը կարող է փոխել միայն այն դեպքում, եթե պոտենցիալ գնորդը նրա տրանսֆերի համար վճարի 30 մլն եվրո:
«Իզվեստիայի» տեղեկություններով` տաղանդավոր ու աշխատասեր հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ու ռուսաստանյան առաջատար ակումբները: Սակայն «Շախտյորի» ղեկավարությունը չի պլանավորում բաժանվել իր առաջատարից ու լավագույն ռմբարկուից և այդ իսկ պատճառով նրա պայմանագրում նշել է, որ Մխիթարյանը միայն 30 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում կարող է հեռանալ ակումբից:
Դոնեցկյան ակումբում հրաժարվել են մեկնաբանել հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն հարկ են համարում ընդգծել, որ ֆուտբոլիստը մտադիր է շարունակել ելույթները «Շախտյորում»:
- Մենք հաճախ ենք լսում Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ այս կամ այն ակումբի հետաքրքրության մասին,- «Իզվեստիայի» թղթակցին ասել է դոնեցկյան թիմի մամուլի քարտուղար Ռուսլան Մարմազովը:- Կարծում եմ` դրանում տարօրինակ ոչինչ չկա, քանի որ Հենրիխը, իրոք, գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: Սակայն հետաքրքրությունն ու կոնկրետ առաջարկը, ինչպես եղավ Վիլլիանի դեպքում, տարբեր բաներ են: Ինքը` ֆուտբոլիստը, արդեն հայտարարել է, որ մտադիր է թիմում մնալ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Ինչ վերաբերում է նրա տեղափոխության համար նշված փոխհատուցման գումարի չափին, կարող եմ ասել, որ դա գաղտնիք է:
Նշենք , որ ուկրաինական թիմում Հենրիխ Մխիթարյանի կարիերայում կարևոր դեր կարող է կատարել այն փաստը, որ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ի հեճուկս սպասումների, երկարաձգեց պայմանագիրը «Շախտյորի» հետ և այդ թիմում ևս երկու տարի կաշխատի: Հենց ռումին մասնագետը մեծ ներդրում ունի Մխիթարյանի` խաղային նոր մակարդակի հասնելու գործում: Հենց այդ մասնագետի շնոհիվ է, որ Հենրիխն այժմ համարվում է Եվրոպայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Ժամանակին Լուչեսկուն հրաժարվեց տեխնիկապես գրագետ Ժադսոնից` շեշտը դնելով կարգապահ Մխիթարյանի վրա, և հայ ֆուտբոլիստը կարողացավ օգտվել այդ հնարավորությունից:
- Մխիթարյանի` «Շախտյոր» տեղափոխության հարցում, իրոք, վճռորոշ դեր է ունեցել Միրչա Լուչեսկուն, ով շատ էր ցանկանում նրան տեսնել իր թիմում: Ժամանակն ապացուցեց, որ նա ճիշտ էր մտածում,- շարունակել է Մարմազովը:- Այն փաստը, որ ռումին մասնագետը երկարաձգել է պայմանագիրը, կայունացրեց առանց այդ էլ առկա հիանալի մթնոլորտը թիմում, որտեղ Մխիթարյանն ու մյուս ֆուտբոլիստներն իրենց շատ հարմարավետ են զգում:
Ավելացնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ ուժի մեջ է մինչև 2015 թ. կեսերը: Transfermarkt.de-ի տվյալներով` նրա տրանսֆերային արժեքն արդեն հասել է 17 մլն եվրոյի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում