Orange Հիմնադրամը շարունակում է աջակցել աուտիզմով երեխաներին
Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում ամփոփեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն է նպաստել Հայաստանում աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերմանն ու միջամտությանը, աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին և նրանց ծնողներին խնդրին առնչվող մասնագետների իրազեկման,ինչպես նաև ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակների ներմուծման միջոցով:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամենամյա ընդգրկուն ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է դեռևս 2010թ., կազմակերպվել են դասընթացներ բուժսպասարկման առաջնային օղակի մասնագետների, աուտիզմով երեխաների, վերջիններս ծնողների համար, որոնց նպատակն է իրազեկել աուտիզմի մասին, ինչպես նաև ներդնել աուտիզմի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդը՝ CHAT թեստը: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին: Դասընթացներին մասնակցել են Երևանի և Կոտայքի մարզի բուժսպասարկման առաջնային օղակի 170 մասնագետ, 340 մանկավարժ, 60 ծնող և 166 երեխա: Ծրագրի շրջանակներում Արաբկիր բարեգործական հիմնադրամի վերականգնողական մասնաճյուղերը հագեցվեցին հատուկ մեթողական խաղերով:
«Ֆրանս Տելեկոմն աշխարհի տարբեր երկրներում իր աջակցությունն է բերում աուտիզմով երեխաներին արդեն 20 տարի ի վեր: Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում Orange Հիմնադրամը համագործակցում է Արաբկիր բարեգործական հիմնադրամի հետ: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն և ջանում են, որպեսզի աուտիզմով երեխաները ունենան բարեկեցիկ մանկության և պատանեկության», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Վերականգնողական մասնագիտական կենտրոնների սակավության և ծանրաբեռնվածության պատճառով ծրագրի շրջանակներում 2012թ. մեկնարկեց համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային ծրագիր: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 9 մանկական պոլիկլինիկան կահավորվել և հագեցվել է վերականգնողական պարագաներով, իսկ պոլիկլինիկայի ողջ անձնակազմը համապատասխան դասընթացներ է անցել ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մասնագետների կողմից: Ծրագրի շրջանակներում, արդեն երրորդ անգամ, հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում, որտեղ երկու շաբաթ նրանց հետ աշխատել են Ֆրանսիայի Ռոնիի մասնագիտական կրթության դպրոցում (SEPR) մասնագիտական վերապատրաստում անցած երկու ուսուցիչ:
Ծրագրի շրջանակներում Օրանժ Հիմնադրամի հրավերով մեկ բժիշկ-վերականգնողաբան և մեկ մանկական հոգեբույժ մասնակցել են «Նորագույն տեխնոլոգիաներ աուտիզիմի սպեկտրի խանգարումներով մարդկանց համար» առաջին միջազգային կոնֆերանսին Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Կոնֆերանսին մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ ապագա տեխնոլոգիաների հետ, հայտնաբերել բազմաթիվ նորագույն գործիքներ՝ օգնելու աուտիզմով մարդկանց և ուսումնասիրել, թե որ գործիքները հնարավոր կլինի կիրառել Հայաստանում: 2011 թվականին աշխարհում «Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ» եղանակը (ADOS) ուսուցանվել և ներդրվել է Հայաստանում շվեյցարացի մասնագետների կողմից: Լիարժեք ներդրման, հայ մասնագետներին հասանելիության նպատակով 2012 թվականի ծրագրի շրջանակներում այն թարգմանվել է հայերեն:
2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25.869,000 դրամ: Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2013թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում