Հռոմի նորընտիր պապն ասել է, որ փափագում է թաղվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տակ
Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90- ամյակին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Մեր բարեկամ պապը» խորագրով հոդվածում բացահայտելով արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ելույթի մանրամասները:
«Հռոմեական Կաթողիկե եկեղեցու նորընտիր Սրբազան պապը մեր բարեկամն է` անձնապես իմ, Բուենոս Այրեսի հայ համայնքի և ընդհանրապես հայ ժողովուրդի: Իմ ծանոթությունը նորընտիր պապի հետ, սկսվել է 2005 թվականից, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 90 ամյակը և այդ առիթով Բուենոս Այրեսի Մայր տաճարի մեջ զետեղեցինք Հայաստանից բերված մի խաչքար` մեր նահատակների հիշատակին: Խաչքարի բացման ու օծման արարողությանը մասնակցեց նաև այդ օրերին Արգենտինայի արքեպիկոպոս և Բուենոս Այրեսի առաջնորդ կարդինալը՝ գերապատիվ Տեր Խորխե Մարիո Բերգոլիոն, որը, ի միջի այլոց, Հայաստանյայց առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի նահատակության մասին խոսելուց բացի, կոչ արեց Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը և խաղաղ լուծում փնտրել Հայկական հարցին: Նա շեշտեց նաև Հայ եկեղեցու Առաքելականությունը, Թադեոս և Բարդողիմեոս առաքյալների շնորհիվ, իսկ խաչքարի բացումից հետո ասաց նաև, որ փափագում է մի օր թաղվել այդ խաչքարի տակ: Տեղին է հիշեցնել, որ Մայր տաճարի ներսում թաղված են Բուենոս Այրեսի նախկին առաջնորդները: Ֆրանցիսկոս պապը միշտ էլ մասնակցել է ու ելույթ է ունեցել ապրիլյան նահատակներին նվիրված Մայր տաճարի մեր հոգեհանգստյան արարողություններին և այժմ վստահ եմ` որպես Հռոմի ու Կաթողիկե աշխարհի վեհապետ պապպ պետք է շարունակի մտածել ու գործել չքավորների և տառապյալների համար և պաշտպան կմնա անարդարության զոհ դարձած բոլոր ազգերին, որոնց թվում նաև` հայ ժողովուրդին և հայոց դատին: Հաջողություն և երկար կյանք ենք մաղթում մեր բարեկամ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին և մանավանդ Հռոմի այժմյան Ֆրանցիսկոս պապին»,- ըստ «Արմենպրես»-ի գրել է Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս 76-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ է ընտրվել կոնկլավում, որը մարտի 12-ին և 13-ին կայացել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ քահանայապետ է դարձել ոչ եվրոպացին և ճիզվիտը, որը նաև առաջին անգամ ընդունել է Ֆրանցիսկոս պապական անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները