Չինարիի Աստծո պահած մանկապարտեզը (լուսանկարներ, տեսանյութ)
Ես աղջիկ եմ նազելի,
Քնքուշ բարի հաճելի,
Ու ողջ տարի շարունակ,
Ինձնից վերցրեք օրինակ
4-ամյա Ալվինան է իր սիրած բանաստեղծությունը արտասանում Տավուշի մարզի Չինարի գյուղի մանկապարտեզ այցելած լրագրող հյուրերին: Ասում է` բժիշկ է դառնալու, որ մարդկանց սրսկի: Փոքրիկ Ալվինան «պապա» ասում է պապիկին, իսկ հոր մասին տեղյակ է միայն լուսանկարներից: Նրանց ընտանեկան միասնությունը խախտել է հակառակորդի կրակոցը` 2008 թվականի հունիսի 18-ին, երբ Ալվինայի մայրը առաջնեկով 4 ամսական հղի էր: «2008-ի հունիսի 18-ն էր կեսօրվա ժամը երկուսին, մանկապարտեզում քնի ժամն էր, երբ կրակոցները սկսվեցին, մինչև մի տասը րոպե լսեցինք: Կրակոցներից Ալվինայի հայրն էր մահացել, այս երեխան չգիտի ինչ է նշանակում հայր ունենալ», -պատմում է Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը:
Այս փոքրիկ գյուղի միակ մանկապարտեզը գտնվում է ադրբեջանական դիրքերին հանդիպակաց, դրսից` պատերին կարելի է փամփուշտի հետքեր գտնել, իսկ ներսում մտնողին դիմավորում է` «Հայաստանը մենք ենք» գրությունը: Տարբեր բարերարների օգնությամբ վերանորոգվել է, և երեխաները այդ մի քանի ժամը ապրում են լուսավոր ու պայծառ սենյակներում: Դարձյալ բարերարներից նվեր ստացած մեծ հեռուստացույցով «Նու կաբաձի» (այդպես անվանում են հայտնի «Դե սպասիր» մուլտֆիլմը- հեղ.) են դիտում, պատերը պատված են գունազարդ նկարներով, տարբեր մուլտֆիլմերի սիրելի հերոսներով:
3-ամյա Մարիան նոր-նոր է սկսել հաճախել մանկապարտեզ, քնելուց լացում է, սակայն նրան օգնության է հասնում մանկապարտեզում նրա պահապանը` եղբայրը. 5 տարեկան Սեյրանը պառկում է քրոջ կողքին, քնեցնում է քրոջը, այնուհետև տեղափոխվում իր անկողին: «Մինչև Մարիան կսովորի քնել», -ելքն է մատնանշում տիկին Աղասյանը:
Այստեղ բոլոր երեխաների համար հակառակորդի կրակոցների ձայնը օրվա անբաժանելի մաս է դարձել, գիտեն, որ «թուրքն ա կրակում», իսկ թե ինչո՞ւ, պատասխանում են` «չարն ա»: 4-ամյա Արեգը ասում է զինվոր է դառնալու, որ թուրքին սպանի: Նրա ու Չինարիի մյուս երեխաների համար «թուրքը շուն է ու նրա հետ կռվում են խաչով ու սրով»:
«Շուն թորքերին տանք արժանի հարված, մեր եռագույնը թող միշտ փողփողա», երգում են Չինարիի մանկապարտեզում:
Թուրքի մասին պատկերացումները չինարեցի երեխայի մոտ սահմանափակվում են ամերիկյան բայեվիկ ֆիլմերի չար հերոսների կերպարներով. ինչպիսին է թուրքը հարցին պատասխանում են` երեսները մրոտած:
«Աստված է պահել մանկապարտեզը, քանի որ կրակոցների հետևանքով տներ են ավերվել, բայց բարեբախտաբար, մանկապարտեզը չի վնասվել: Շատ են եղել դեպքեր, որ երեխային մանկապարտեզ տանել-բերելուց սկսել են կրակոցները, էդ ժամին մտնում են առաջին պատահած տունը և սպասում, որ դադարի կրակոցը», -ասում է Փառանձեմ Աղասյանը:
Գրեթե ամենօրյա դարձած կրակոցներից երեխաները պատսպարվելու տեղ ունեն, որը նույնիսկ անվանակոչել են` «մթին սենյակ»: Որտե՞ղ են թաքնվում, երբ կրակում են հարցին, Արեգն անմիջապես ցույց է տալիս «մթին սենյակը», որտեղ «թուրքի կրակոցի» ձայները խլանում են: Ռիսկային վայրում գտնվող մանկապարտեզը գոնե կրակոցների ակտիվացման ժամանակ տեղափոխելու առաջարկ տիկին Աղասյանն արել է Չինարիի գյուղապետ Սաղոյանին, սակայն մերժում է ստացել:
«Երբ կրակոցները ակտիվ էին, գյուղապետից խնդրում էի, պահանջում է, որ անվտանգությունը ապահովելու համար որոշ ժամանակով տեղափոխեն գյուղի կենտրոն, ասենք` կուլտուրայի տուն, էնտեղ մի սենյակ հատկացնեն, ժամանակավոր մնայինք: Բայց գյուղապետն ասավ` չէ, դուք հերոս եք, ու պետք է մնաք այստեղ աշխատեք: Երբեք ցույց մի տվեք, որ վախենում եք: Ես էլ ասում եմ` եթե աստված չանի մի բան լինի, ի՞նչ պատասխան եմ տալու: Էսա մեր կյանքը` Միշտ զգոն, միշտ սթափ, միշտ ահը սրտներումս աշխատում ենք: Չգիտեմ»,- ասում է տնօրենը:
Մանկապարտեզում 21-ամյա աշխատանքի ընթացքում տիկին Աղասյանը արձանագրել է` գնալով երիտասարդները հեռանում են գյուղից, ծնունդները պակասում են: Այս պահին սահմանամերձ գյուղի այս մանկապարտեզում կա 28 երեխա: Եղել են ժամանակներ, որ մանուկների թիվը 50 է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են