Րաֆֆի Հովհաննիսյան. Թող հուզվեն նրանք, ովքեր հնարավոր է պատմության դասագրքերում մնան որպես դավաճաններ
Մարզեր այցելության ընթացքում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա Մարտիունիում էլ հայտարարեց, որ մինչ նախագահական ընտրություններում քաղաքական մակարդակում Րաֆֆի ՀՈվհաննիսյանի թեկնածությունը չի պաշտպանել:
«Բայց ես փետրվարի 18-ին տեսել եմ իրողություն, իրողությունը հետևյալն է` մի կողմում ապօրինություններ, օլիգարխիայի, կեղծիքի կատարած «ընտրությունն» է, իսկ մյուս կողմում ժողովրդի ընտրությունն է: Եվ արել եմ այն, ինչ պիտի անեի, եկել եմ կանգնել ժողովրդի կողքին, ինձանից կախված առավելագույնը անելու եմ, որ ժողովրդի ընտրությունը հաղթի»,-ասաց Փաշինյանը:
Մարտունիում ելույթ ունենալով քառօրյա «ազգային զորահավաքային» արշավի շրջանակում «Ժառանգություն» կուսակացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաններին հանդարտ, հանգիստ լինելու և չհուզվելու կոչ արեց, ապա հայտարարեց. «Թող հուզվեն նրանք, ովքեր հնարավոր է պատմության դասագրքերում մնան, որպես… Ես այս բառը երբեք չեմ գործածում, բայց կգործածեմ հենց Մարտունիում, կմնան որպես դավաճաններ` ի պատասխան հակահայ, հակաժողովրդավար, իրավախախտ, հականժդեհ, հակաքրիստոս, հակասևան արարածներ»: Նշեց, որ նրանք պատասխան են տալու:
Հովհաննիսյանը մեկ անգամ ևս նշեց, որ իրենց պայքարն անկասելի է, քանի որ անձնավորված չէ. «որովհետև Զարուհուց, Ռուբիկից, Նիկոլից, Կարապետից բարձր է»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Հովհաննիսյանի շտաբից, արշավը միտված է Ազատության հրապարակում ապրիլի 9-ին ժամը 11:00-ից սկիզբ առնող Նոր Հայաստանի երդմնակալության արարողության համար քաղաքացիների հավաքագրմանը:
Նշենք, որ մինչ Մարտունի հասնելը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ եղել է Աբովյանում, Նոր Հաճընում: Այսօրվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ Սևանում, Իջևանում, Բերդում: Վաղը հանդիպումները կշարունակվեն Նոյեմբերյանում, Ալավերդիում, Վանաձորում, Սպիտակում, Ապրանում և Աշտարակում: