Կ. Աճեմյան. Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լուրջ որոշում կայացնի, այլապես ելքը քաղաքականությանը հրաժեշտ տալն է
«Նախագահի երդմնակալությունը տոն է: Մենք պետք է այնպիսի տրամադրվածությամբ ուղղորդենք նախագահին առաջիկա 5 տարիներին, որպեսզի կարողանանք նաև պահանջատեր լինել և ակնկալիքներ ունենալ: Լավ կլիներ, որ ընտրված նախագահին տղամարդավարի շնորհավորեին և մասնակցեին այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում մեր երկրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետնըտրական զարգացումներին և ապրիլի 9-ին ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Վերջինս, խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների և գործողությունների մասին, տեսակետ հայտնեց, որ այդ ամենը պետք է ունենա իր տրամաբանական ելքը, որպեսզի քաղաքական գործիչը՝ «որպես գործիչ իր դեմքը չկորցնի», իսկ հետընտրական այդ գործընթացները, աստիճանաբար տարալուծվելով Երևանի ավագանու նախընտրական թոհուբոհի մեջ, կորցնում են իրենց արդիականությունը:
«Շատ ուժեր խոսում են ժողովրդի անունից: Ունենալով մեծամասնություն՝ մենք նման բան չենք անում: Մենք կրում ենք պատասխանատվություն ողջ ժողովրդի առաջ, հաշվետու ենք, բայց տեսնում եմ, թե ինչպես, լինելով փոքրամասնություն, խոսում են ամբողջ ժողովրդի անունից: Դա ես աններելի քայլ եմ համարում: Հեռուստացույցով տեսա, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ասաց, որ «մեր դեմ խաղ չկա»: Պատկերացնո՞ւմ եք, որ դա ասեր ՀՀԿ որևէ ներկայացուցիչ: Կիսահեղափոխական կոչեր անելը, խնդիրներ ունեցող մարդկանց նուրբ լարերի վրա խաղալն ու ապրիլի 9-ին երդմնակալությունը հարամելը աններելի է»,- նշեց պատգամավորը:
Նա հավելեց, որ քաղաքական գործիչը պետք է կամք ունենա՝ ընդունելու, որ եթե չի հաղթել, ապա դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, իսկ Երևանի ավագանու ընտրությունները ցույց կտան, թե ով ժողովրդի որքան քվե ունի:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև երկխոսության հնարավորությանը՝ Կ. Աճեմյանը համոզմունք հայտնեց, որ հանդուրժողականության այդ մթնոլորտը ստեղծել է Սերժ Սարգսյանը և միշտ բաց է եղել երկխոսության համար, սակայն, ըստ պատգամավորի, Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է ընձեռնված հնարավորություններից:
«Եթե համագործակցության և քննարկումների որևէ ցանկություն չկա, ապա ելքը տեսնում եմ նրանում, որ ընդհանրապես պետք է հրաժեշտ տալ քաղաքականությանը: Իսկ եթե իրականում «Ժառանգությունն» ու նրա ղեկավարը ինչ-որ բան են ուզում ասել ժողովրդին, պետք է որևէ ծրագիր մշակեին, որը չկա: Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ որոշում պետք է կայացնի, որովհետև այն մարդիկ, ովքեր իրեն նախկինում սատարում էին, հիմա շատ ավելի քիչ են»,- նշեց Կարինե Աճեմյանը: