«Նիկա». «Եթե բոլորը…» ֆիլմը մրցանակի չի արժանացել
Նախօրեին կայացել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընտրվել են 2012-ին նկարահանված լավագույն ֆիլմերը: «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» (Ուկրաինա) ֆիլմը: Նշենք, որ այս անվանակարգում մրցանակի էին հավակնում ընդհանուր առմամբ 5 ֆիլմ, այդ թվում նաև Նատալյա Բելյաուսկենեի արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմը, ինչպես նաև՝ ռեժիսոր Գեորգի Փարաջանովի «Բոլորը հեռացան» (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի «Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին» (Էստոնիա, Բելոռուս, Լատվիա) ֆիլմերը:
Նշենք, որ «Եթե բոլորը…» ֆիլմն արդեն ներկայացվել է տարբեր փառատոների, արժանացել մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական» խաղարկային ֆիլմ, գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը լավագույնն է ճանաչվել Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում: «Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Նիկա» մրցանակին է արժանացել Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» կինոնկարը: Ա. Սոկուրովը ճանաչվել է նաև «Լավագույն ռեժիսոր», իսկ ֆիլմի սցենատրիս Յուրի Արաբովն էլ ճանաչվել է «Լավագույն սցենարիստ»: Ընդհանուր առմամբ, «Ֆաուստ» կինոնկարն արժանացել է 4 մրցանակի: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Նիկա» մրցանակի հավակնող Անդրեյ Պռոշկինի «Օրդա» ֆիլմն արժանացել է յոթ մրցանակի: Երկու ֆիլմերի գլխավոր դերակատարները՝ Մաքսիմ Սուխանովը («Օրդա») և Անտոն Ադասինսկին («Ֆաուստ») ճանաչվել են հաղթող «Լավագույն դերասան» անվանակարգում: «Օրդա»-ի գլխավոր դերասանուհի Ռոզա Խայրուլլինան ճանաչվել է ««Լավագույն դերասանուհի»:
«Նիկա» մրցանակ է հանձնվել 16 անվանակարգում:
«Նիկա» մրցանակաբաշխությունը անցկացվում է 1987 թվականից ԽՍՀԿ կինոմատոգրաֆիստների միության քարտուղարության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում