Իրանագետ. Առայժմ հաստատված չէ ոչնչացված ինքնաթիռի իրանական ծագումը
Օրերս Կատարի «Ալ-Ջազիրա» լրատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու պահին իրանական բեռնատար ինքնաթիռ են ոչնչացրել, որը Սիրիայի ԶՈւ-երի համար զենք է տեղափոխելիս եղել: Հիշյալ հարցի կապակցությամբ panorama.am-ը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Արդյո՞ք Սիրիայի օդանավակայանում իրանական ինքնաթիռի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
- Դամասկոսի միջազգային թռիչքների համար նախատեսված օդանավակայանի մատույցներում հարձակման ենթարկված բեռնատար ինքնաթիռի իրանական ծագումը հերքվել է Սիրիայում ԻԻՀ-ի դեսպանատան կողմից միջադեպի հաջորդ իսկ օրը՝ մարտի 29-ին: Ճիշտ է, Սիրիայի ապստամբական ուժերը նկարահանել են այն պահը, երբ հակաօդային հրթիռները խոցում են վայրէջք կատարող բեռնատար ինքնաթիռը, որն անմիջապես հրդեհվել է, սակայն տեսաերիզներից և լուսանկարներից հնարավոր չէ հստակ հետևություններ անել օդանավի ծագման վերաբերյալ:
- Այսինքն հարձակման ենթարկված ինքնաթիռը չի՞ պատկանել իրանական ավիացիային:
- Կարծում եմ, որ ինքնաթիռի՝ ԻԻՀ-ին պատկանելու կամ չպատկանելու հարցի կարևորությունը ուղիղ համեմատականի մեջ է միջադեպի նկատմամբ ցուցաբերված համընդհանուր ուշադրության աստիճանի և հնչեցված արձագանքների հետ, որոնք կարող էին շեշտակի փոփոխություն մտցնել Արևմուտքի՝ Սիրիայի և Իրանի նկատմամբ որդեգրած քաղաքականության մեջ: Օրինակի համար կարող էր հայտարարվել ԻԻՀ-ի կողմից Սիրիայի գործող իշխանություններին ցուցաբերվող ռազմատեխնիկական աջակցության խիստ բացասական հետևանքների մասին և Իրանի՝ «չափից ավելի մեծ ակտիվությունը» սիրիական զարգացումներում հիմք դառնար Սիրիայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի զորքեր տեղակայելու համար: Սակայն վերոհիշյալ ինքնաթիռի հետ կապված միջադեպի ոչ այնքան հնչեղ արձագանքներից կարելի է եզրակացնել, որ առայժմ ընթանալու է նյարդերի պայքար, և Արևմուտքը դեռևս մտադիր չէ կոշտ միջոցներ ձեռնարկել՝ խափանելու իրան-սիրիական ջերմ փոխհարաբերությունները՝ միաժամանակ հրաժարվելով քարոզչատեղեկատվական քաղաքականության իր նախկին սկզբունքներից:
-Արդյո՞ք կփոխվեր գործընթացների տրամաբանությունը, եթե ԻԻՀ-ը հաստատեր օդանավի իրանական ծագումը:
- Բոլորովին այլ իրավիճակ կարող էր ստեղծվել, եթե իրանական կողմը հաստատեր Սիրիայի ԶՈՒ-երին զենք մատակարարող ինքնաթիռի իրանական ծագումը. դա կնշանակեր, որ տարածաշրջանային գործընթացները մուտք են գործում որակական նոր՝ առավել բաց հակամարտության փուլ, որը կարող էր հնարավորություն տալ եվրոպական որոշ երկրների և ԱՄՆ-ին, օգտագործելով ստեղծված պայմանները որպես հիմնավոր պատճառաբանություն, ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել Սիրիայի տարածքում: Այնուամենայնիվ, գործընթացների նման զարգացմանը, ինչպես երևում է, առայժմ պատրաստ չեն ոչ միայն Արևմուտքում, այլև Իրանում, որտեղ կարծես թե չեն փորձում արհեստականորեն շիկացնել մթնոլորտը: