ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատասխանը ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի խնդրանքով մեկնաբանել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի` իրեն հասցեագրված դիմումը, որով նա համագործակցության կոչ էր հղել Հայրապետյանին:
«Բազմիցս հայտարարել եմ, որ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման պատրաստ եմ համագործակցել ցանկացած անձի կամ կազմակերպության հետ, ովքեր ցանկանում են և կարող են իրենց նպաստը բերել այդ գործին: Սակայն այս պարագայում ի՞նչ համարձակությամբ է նա համագործակցության դիմում հղում ինձ, երբ միևնույն ժամանակ փորձում է քննադատել մարդու, ով արել և անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլի զարգացման համար և ում համար հայկական ֆուտբոլի հաջողությունը վեր է ցանկացած անձնական խնդիրներից: Կամ առնվազն կույր պետք է լինել սա չնկատելու համար, կամ ֆուտբոլային իրականությունից անտեղյակ՝ այդ չիմանալու համար, կամ էլ՝ ... դատեք ինքներդ ...: Ինչպե՞ս կարող է մարդ, ով իր միջոցները հայթայթում է ֆուտբոլում, հաճախ նաև` ֆուտբոլիստների հաշվին, քննադատել մարդկանց, ովքեր իրենց անձնական միջոցներն են ներդնում նույն ֆուտբոլի զարգացման համար և ոչինչ չեն խնայում հենց նույն ֆուտբոլիստների անձնական բարօրության համար: Խոսքս հայտնի գործարարներ Օլեգ Մկրտչյանի և Սուլեյման Քերիմովի մասին է, որոնցից առաջինն անուրանալի ներդրում ունի ուկրաինական, ռուսական և հայկական ֆուտբոլի զարգացման գործում, իսկ Սուլեյման Քերիմովը ջանք չի խնայում դաղստանյան ֆուտբոլը զարգացնելու համար՝ դրանով իսկ նպաստելով ռուսական ֆուտբոլի որակական նոր մակարդակի բարձրացմանը: Եվ, վերջապես, ինչպե՞ս կարող է մարդը, ով մեկ հայտարարում է, թե Հենրիխ Մխիթարյանի գործակալն է` երբեք չլինելով նման դերում, մեկ էլ հայտարարում է, թե ինքն է տեղափոխել Արազ Օզբիլիսին «Կուբան», երբ անձամբ եմ խնդրել Օլեգ Մկրտչյանին` գնելու Արազի տրանսֆերը, անձամբ խոսել եմ Արազի հետ և հորդորել, որ նա տեղափոխվի «Կուբան», համագործակցության կոչ հղել ինձ:
Չի՛ կարող ուղղակի նման վարք դրսևորող անձն անգամ շփվել ինձ հետ, ուր մնաց՝ համագործակցել:
Այդ իսկ պատճառով կխնդրեի Սելյուկին հեռու մնալ հայկական ֆուտբոլից և իր իսկ կոչած «պատերազմներից» զերծ պահել հայ ֆուտբոլիստներին, նրանք շատ ավելի կարևոր գործ ունեն՝ ֆուտբոլը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում