Ա. Մելիքյան. Շարժման հռչակած նպատակներն ու վերջնարդյունքը տարբերվելու են միմյանցից
Հետընտրական վերջին զարգացումների համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման հերթական հանգրվանի մասին Panorama.am-ը զրուցեց նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի հետ:
- Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք Ր. Հովհաննիսյանի գլխավորած շարժման վերջին զարգացումները:
- Կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի գործունեությունն անհրաժեշտ է դիտարկել Հայաստանում վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումների համատեքստում: Ընդհանուր միտումն այն է եղել, որ իշխանությունը ձգտել է մասնատել ու լուսանցք մղել ՀԱԿ-ին, ապա իր վերահսկողության տակ առնել ոչ միայն բուն իշխանական, այլև ընդդիմադիր դաշտը: Իշխանություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ՀՀԿ-ն այլև տնտեսական ու քաղաքական ընդհանուր շահերով նրա հետ փոխկապակցված ԲՀԿ-ին ու Դաշնակցությանն, անկախ նրանից, որ այդ քաղաքական ուժերը լքել են իշխանական կոալիցիան և մեկն ինքն իրեն «այլընտրանք» է անվանում, իսկ մյուսն` «ընդդիմություն»: Այդ երկու քաղաքական ուժերի նախագահական ընտրություններին չմասնակցելը իշխանական ճամբարին զերծ պահեց ապագայի համար վնասակար մրցակցությունից, փոխարենը թիվ երկու նախագահացու հռչակվեց պարոն Հովհաննիսյանը: Իմ գնահատմամբ, նախընտրական փուլում վերջինս արեց ամեն հնարավորը «ընտրությունները» լեգիտիմացնելու և կայացնելու համար, իսկ հետընտրական շրջանում նա միայն մեկ իրական անելիք ուներ` ապահովել խաղաղ անցումը նախագահական «ընտրապայքարից» դեպի քաղաքապետական «ընտրապայքար» :
- Այդ շարժումը «Ժառանգություն» կուսակցության համար ավելի շատ հետընտրական, թե՞ նախընտրական ակցիա է:
- Կարելի ասել, որ սա անցումնային փուլի շարժում է, որի հռչակված նպատակներն ու վերջնարդյունքը էապես տարբերվելու են միմյանցից:
- Ի՞նչ հանգրվանի են տանում Ր. Հովհաննիսյանի այս գործողությունները
- Կրկնեմ, որ այս ամենն անհրաժեշտ է դիտարկել ընդհանուր համատեքստում և, հավանաբար, վերջնարդյունքում մենք կտեսնենք, որ ՀՀԿ-ն կլինի իշխանական կուսակցություն, ԲՀԿ-ն կենտրոնամետ «այլընտրանք», իսկ Դաշնակցությունը` «մարտնչող ընդդիմություն»: Այսօր խորհրդարանում առկա մնացյալ ուժերի, այդ թվում նաև «Ժառանգության» դերը կնվազի: Սակայն, թեև այս տարբերակը առավել հավանականն ու ցանկալին է իշխանոությունների համար, այնուամենայնիվ, արդեն այս տարվա վերջերին կարող են նոր զարգացումներ տեղի ունենալ, որոնք նաև քաղաքական նոր իրավիճակ կձևավորեն երկրում:
Հարցազրույցը` Դավիթ Պետրոսյանի