Ա. Զաքարյան. Ր. Հովհաննիսյանի ու նրա թիմի գործողությունները «ոչ ադեկվատ» են
«Իրավիճակը, որը հետընտրական գործընթացներ կարելի է անվանել, ըստ էության արտաքին քաղաքականության վրա բացասական որևէ ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև ընտրական գործընթացներն անցան միջազգային հանրության ուշադրության ներքո»,- այսօր, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նա իր կարծիքը հիմնավորելով ընդգծեց, որ միջազգային կառույցները հետևել են ընտրությունների կազմակերպման, անցկացման ու ամփոփման գործընթացին ու դրականորեն են արձագանքել:
Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողություններին, բանախոսն ասաց. «Ես հարգանքով եմ վերաբերվում այն ընդդիմադիրներին, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են պատվով և առողջ քաղաքական մտքով: Իսկ ինչ վերաբերվում է անտրամաբանական հրապարակային գործունեություններին, ոչինչ չասող միտինգային քաղաքականություն իրականացնելուն ու հակասահմանադրական, հակաիրավական գործընթացներ իրականացնելու կոչերին (նկատի ունեմ երդմնակալություն և այլ ամենատարբեր զարմանք առաջացնող ենթադրությունների տեղիք տվող գործողությունների իրականացումը), ես կարծում եմ, որ վաղուց արդեն մեր քաղաքական համակարգին հարիր չէ»:
Պատգամավորն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին ու նշեց, որ ավագանու ընտրություններն իրենց մրցակցայնությամբ և ժողովրդավարական չափանիշներին համահունչ բոլոր անհրաժեշտ բաղկացուցիչներն ունեն:
Ա. Զաքարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա թիմի գործողությունները համարեց «ոչ ադեկվատ» ու հավելեց, որ «իրավիճակին ոչ համահունչ քաղաքական գործիչներն» ինչ արագությամբ որ հասնում են իրենց պիկին, նույն արագությամբ էլ վայրէջք են կատարում:
Նա ընդգծեց, որ այդուհանդերձ, ընդդիմությունից ժողովրդի սպասելիքներն ու ակնկալիքները, չեն իրականանում. «Միայն կայացած քաղաքական ուժը կարող է ընդդիմադիր առաքելությունը պատվով տանել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում