Սոցիոլոգ. Երևանի ավագանու ընտրությանն այս անգամ ավելի շատ մարդ կմասնակցի
Մարտի 29-30-ին 1290 երևանաբնակների շրջանում անցկացված սոցհարցման մասնակիցների 44,5 տոկոսը Երևանի ավագանու ընտրությանը կնախընտրեն քաղաքապետի պաշտոնին տեսնել ցանկացած ազնիվ և արդար մարդու, 40,5-ը՝ փորձառու մասնագետ և միայն 7,0-ը՝ քաղաքական գործիչ: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» վերլուծական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, նման ցուցանիշները ցույց են տալիս, որ հասարակությունը ՏԻՄ մարմիններում կարևորում է ոչ թե գաղափարախոսությունը, այլ՝ ապագա համայնքապետի անձնական ունակությունները:
«Մեզ մոտ չեն տեսնում քաղաքական թիմը, թեև արևմուտքում մայրաքաղաքի քաղաքապետն իր ազդեցությամբ զիջում է միայն վարչապետին և ղեկավար պաշտոնների հավանական թեկնածուն է», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ գրեթե նույն իրավիճակն է նաև կուսակցությունների ցուցակների հարցում: Որպես առաջին համար 48,5 տոկոս ցանկանում են տեսնել այդ հորիզոնականում երևելի անձի՝ ազնիվ և արդար, 36,0-ը՝ փորձառու մասնագետ, 5,5 տոկոսը՝ կուսակցական քաղաքական գործիչ:
Ա.Ադիբեկյանը հայտնեց, որ հարցմանը մանակիցների 70 տոկոսը գտնում է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխանում է ընտրացուցակի առաջին համարին, 15,1-ի մոտ առաջին համարին չի համապատասխանում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:
Սոցիոլոգը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտնել է հարցվածների 45, 5 տոկոսը, դեռ չեն կողմնորոշվել 9,0 տոկոսը, չի գնա՝ 37,0 տոկոսը:
«Ակնկալվում է շուրջ 54% մասնակցություն, ինչն ավելի շատ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ», - ասաց Ա.Ադիբեկյանը: