Ա. Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանից 50 հազար մարդ խնդրեց
Ես անում եմ առաջարկ: Րաֆֆի Հովհաննիսյան: Այդ օրը այն բանակից, որ դուք ունեք, իսկ դուք ունեք, կես միլիոնից ավել մարդ (Չինգիզ Խանը ուներ կես միլիոնց պակաս բանակ, բայց գրավեց աշխարհը), ես խնդրում եմ 50 հազար մարդ, ես պատրաստ եմ գլխավորել այդ մարդկանց այդ օրը, որպեսզի իշխանությունները մնան մարզահամերգային համալիրում այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել ժողովրդի պահանջները: Ազատության հրապարակում նման առաջարկով ներկայացավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը` մտահոգություն հայտնելով, որ նման քաղաքականության դեպքում ոչ մի մաքուր գետ չի մնա:
«Ոչ մի գետ այսուհետ ՀԷԿ չի դառնալու»,-ասաց Ներսիսյանը, ապա փորձեց ներկայացնել պատճառները. «Ոստիկանները պաշտպանում են արձանի պատվանդանը, ինչո՞ւ Փակ շուկան չեն պաշտպանում... որովհետև հրահանգ չունեն»:
Նա կոչ արեց ոստիկաններին կանխել ցանկացած ապօրինություն, անկախ այն բանից, թե ով է դրա տերը, հակառակ դեպքում ինքն ու իր ընկերները ձեռնամուխ կլինեն պաշտպանել դրանք: