Ապրիլ ամսվա ընթացքում «Արմավիան» կվերադարձնի վաճառված տոմսերի գումարները
«Հայկական ժամանակը» գրել է, որ «Արմավիայի» լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բաղդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները և հեռանում է Հայաստանից: Թերթի թղթակցի նույնաբովանդակ հարցին «Արմավիայի» լրատվականից պատասխանել են. «Բիզնեսում ամեն բան վաճառվում է և ամեն բան գնվում է»:
Հարցին արդյո՞ք «Արմավիայի» սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ:
«Արմավիայի» լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաև տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել: «Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,- ասել են «Հայկական ժամանակ»-ի թղթակցին՝ հավելելով, որ այս պահին «Արմավիա»-ում ուղևորների հաշվառում է կատարվում և ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները: