Ում հրահանգով է ադամանդը թաքցվել մաքսային հսկողությունից
«Ժողովուրդ»-ը գրել է, որ օրերս մեծ շուքով ձերբակալված ՊԵԿ-ի «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանի և Երևանի բնակիչ Աշոտ Գասպարյանի «տանիքի» մասին այդ գործով զբաղվող Հատուկ քննչական ծառայությունը դեռ լռում է:
Թերթի տեղեկություններով` «Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված խոշոր չափերի ադամանդները մարտի 1-ին մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու հրահանգն իր աշխատակցին տվել է անձամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ու երբ «բռնվել են», Խաչատրյանն անմիջապես «մեսիջ» է ուղարկել աշխատակցին, որ լռի, ամեն ինչ իր վրա վերցնի, մինչև ինքը կկարգավորի առաջացած խնդիրները, որպեսզի չբացահայտվի, որ ՊԵԿ նախագահը ադամանդի «գործ է անում»»։
Թերթի հետ զրույցում ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանը հերքել է լուրը: