Արթուր Բաղդասարյան. Երկրում ստեղծվել է քաղաքական առողջ մրցակցության մթնոլորտ
«Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բոլոր գործընթացներին և ընտրություններին գնում է միայն հաղթելու ակնկալիքով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«ՕԵԿ-ն ակտիվ մասնակցելու է բոլոր նախընտրական գործընթացներին: Մենք ներկայացրել ենք բավականին մարտունակ թիմ, և հանձինս Արմեն Երիցյանի քաղաքապետաի բավականին մարտունակ թեկնածու»,-ասաց Ա. Բաղդասարայանը: ՕԵԿ առաջնորդը նշեց, որ վաղը կուսակցությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կներկայացնի նախընտրական ծրագիրը և Երևան քաղաքի զարգացման իրենց տեսլականը:
«Մենք կարծում ենք, որ ներկայումս երկրում ստեղծվել է քաղաքական առողջ մրցակցության մթնալորտ, և քաղաքական բոլորը ուժերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ծրագրերն ու կարծիքները»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով գալիք ընտրություններում ՕԵԿ հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ա. Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2009-ին ՕԵԿ-ը ստացել է ընտրողների ձայների 6 տոկոսը, այսինքն այնքան, որքան ներկայումս ավագանի անցնելու նվազագույն շեմն է: Միաժամանակ Ա. Բաղդասարյանը շեշտեց, որ իրենք ամենևին ընտրություններին չեն գնում միայն 6 տոկոսը հաղթահերլու ակնկալիքով:
«Ի վերջո ավագանու ընտրությունները անձերի, լավ կառավարիչների պայքար է: Մենք ներկայացրել ենք քաղաքապետի մրցունակ թեկնածուի, հանձինս Արմեն Երիցյանի, որը շարքայինից դարձել է գեներալ, անցել է նշանակալի աշխատանքային ուղի, և ապացուցել է, որ գերազանց կառավարիչ է»,-ավագանու ցուցակի առաջին տեղը զբաղեցնող ԱԻ նախարարին ներկայացրեց կուսակցության նախագահը:
Բաղդասարյանը շեշտեց, որ չթերագնահատելով ուրիշ մրցակիցների, այն կարծիքին է, որ ներկայիս քաղաքապետի թեկնածուներից ամենամրցունակը Արմեն Երիցյանն ու Տարոն Մարգարյանն են, ովքեր ապացուցել են իրենց լավ կառավարիչ լինելը: