Մեկնարկում է Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը
Այսօր մեկնարկում է Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի «Ջոն արքա» բեմադրությամբ: Այս տարի փառատոնը նվիրվում է վերջերս անժամանակ կյանքից հեռացած փառատոնի համահիմնադիր, միջազգային մեծ ճանաչում ունեցող լեհ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկու հիշատակին: Այս մասին ասուլիսում տեղեկացրեց փառատոնի նախագահ, Թատերագետների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Բավականին դաժվար պահ է: Առաջին անգամ չէ, որ Երևանում եմ: Մասամբ ես և ամուսինս միասին էինք աշխսատում: Իմ և ամուսնուս կյանքը բարդ էր, քանի որ երկուսս էլ նույն ոլորտում էինք աշխատում»,-ասաց ասուլիսին ներկա Անջեյ Ժուրովսկու այրին` Մագդան: Նա նշեց, որ ինքը փառատոնի մասին հոդված է գրելու, արդեն սկսել է գրառումներ անել:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է Անջեյ Ժուրովսկու մշակած «Շելյոկ» սցենարի հիման վրա Վարշավայի թատերական ակադեմիայում ստեղծված ներկայացումը` «Պարզապես Շեյլոկ»: Փառատոնին իր Շեքսպիրյան մի քանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացմամբ հանդես է գալու աշխարհի ամենահեղինակավոր` Ռումինիայի Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, միջազգային մեծ հեղինակություն վայելող թատերական գործիչ Էմիլ Բորոզինան: Ներկայացվելու է նաև Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» կատակերգությունը` Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Կոպիլովի բեմադրությամբ և Փարիզի Ավանտի գեղարվեստամշակութային կենտրոնի «Օթելլո» իտալա-ֆրանսիական ներկայացումը:
Լեհաստանից հանդես է գալու Նատալյա Վիլկը` «Անջատի՛ր Էլա» ըստ Շեքսպիրի պիեսների ներկայացումով: Հայաստանը ներկայանալու է նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի «Շեյլոկ» մոնոներկայցմամբ: Փառատոնը շարունակվելու է մինչև ապրիլի 13-ը:
Ասուլիսին ներկա էր «Օթելլո» ներկայացումում հանդես եկող միակ դերասան Լուիջի Չերրին, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել Հայաստանում ու մասնակցել փառատոնին:
Փառատոնի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը և Հայաստանի Թատերական գործիչների միությունը:
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրենք կարևորում են միջազգային փառատոների դերը, մասնավորապես շեքսպիրյան, քանի որ Շեքսպիրն իր թեմատիկայով արդիական է, մշտապես ներկայացվում է նորվի, մշտապես ունի ասելիք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում