«Արմավիայի» ահռելի պարտքը փակելու համար Բաղդասարովը պատրաստվում է վաճառել «Միկա ցեմենտ»-ը
«Ժամանակի» տեղեկություններով` «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նախօրեին մեկնել է Մոսկվա: Նա եղել է բավականին անհանգիստ և անտրամադիր:
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները Բաղդասարովին խստորեն կարգադրել են անպայման վճարել սնանկացման գործընթացը սկսած «Արմավիա» ավիաընկերության բոլոր պարտքերը, առաջին հերթին՝ աշխատողների 6 ամսվա աշխատավարձը և «Զվարթնոց» օդանավակայանի 5.5 մլն դոլարի սպասարկման պարտքը:
Թերթի տեղեկություններով՝ Մ. Բաղդասարովը «Արմավիայի» ահռելի պարտքը փակելու համար այս օրերին փորձում է մոսկովյան բանկերից վարկ ստանալ և փոխարենը գրավ դնել Ռուսաստանում ունեցած իր ակտիվները: Սակայն ՌԴ վարկ ստանալը Մ. Բաղդասարովին չի հաջողվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր ցեմենտի գործարանը՝«Միկա ցեմենտը»: