Ստեղծվել է Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակ
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում/պրոֆ. Արամ. Աբրահամյանի հավաքածու/ ապրիլի 7-ին տեղի կունենա հայ անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ստեղծման շնորհադեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ռուսական արվեստի թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Հասմիկ Իսաղուլյանը:
Նրա խոսքով, Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ստեղծման գաղափարը դեռևս տարիներ առաջ ծագել էր երիտասարդ հայ երաժիշտների մոտ: «Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախմբի մենակատարներ` հայտնի երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ` ՌՖ «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետ) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) մենակատարների սերտ համագործակցության արդյունքում այդ հրաշալի գաղափարը իրականացվեց` ստեղծվեց Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը, որը այսուհետ կհնչեցնի և կհանհրահռչակի մեծ հայ կոմպոզիտորի, ինչպես և այլ հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց Հ. Իսաղուլյանը:
Է. Միրզոյանի անվան լարային քառյակի կազմում ընդգրկված երաժիշտներն են` ջութակահարներ Արամ Ասատրյանը (ՀՖՆ երկրորդ կոնցերտմեյստեր, «Սերենադ» կամերային նվագախմդի առաջին ջութակ, բազմաթիվ փառատոնների և համերգների մասնակից` Հայաստանում և արտերկրում) և Սոնա Ազարյան («Նոր Ռուսաստան» ՊՍՆ մենակատար և «Նոր Ռուսաստան» նվագախմբի մենակատարների քառյակի հիմնադիր, Մոսկովյան Ֆիլարմոնիայի և կամերային երաժշտության ռուսական բազմաթիվ փառատոնների մշտական մասնակից), կամերային երաժշտության միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ալտահար Արմեն Թորոսյան և թավջութակահար Վահան Գրիգորյան:
Վաղը կայանալիք միջոցառմանը ընթում ելույթ է ունենալու թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Էդուարդ Թոփչյանը, Արշակ և Ելենա Միրզոյանները, Լևոն Չաուշյանը: Երաժշտական մասում հնչելու է Ֆրանս Շուբերտի, Էդուարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններից:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը վաղուց ի վեր դասվում է 20–րդ դարի մեծանուն կոմպոզիտորների շարքին: Նրա երաժշտությունը կատարվում է ամբողջ աշխարհում` լավագույն մենակատարների և նվագախմբերի կողմից: Մեծանուն կոմպոզիտորը մահացել է 2012 թ. հոկտեմբերի 5-ին: