Փոստանջյանի հարցումը` Ալեքսանդր Վարպետյանի տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ԱԱԾ պետին, սփյուռքի, առողջապահության նախարարներին Ալեքսանդր Վարպետյանի տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ:
«ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին
ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գորիկ Հակոբյանին
ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին
ՀՀ առողջապահության նախարար պարոն Դերենիկ Դումանյանին
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության լայն հասարակությունը իր խորը մտահոգությունն է հայտնել մեր հայրենակից՝ 70 ամյա Ալեքսանդր Վարպետյանի մուտքը՝ Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու փաստի առթիվ: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում, և նրա տեղաշարժվելու իրավունքը սահմանափակված է:
Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը Զվարթնոց օդանավակայանի անվտանգության և իրավապահ ծառայությունների աշխատակիցներից փորձել են պարզաբանում ստանալ պարոն Ալեքսանդր Վարպետյանի գտնվելու վայրի, նրա տեղաշարժը արգելելու հիմքերի և առողջական վիճակի մասին, սակայն որևէ իրավասու անձ այդպես էլ վերը նշված հարցերի շուրջ պատասխան չի տրամադրել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Պարոն Ալեքսանդր Վարպետյանը քանի՞ օր է գտնվում Զվարթնոց օդանավակայանում:
2.Եթե կան իրավական հիմքեր պարոն Ալեքսանդր Վարպետյանին Զվարթնոց օդանավակայանում պահելու, նրա տեղաշարժը արգելու համար, ապա խնդրում եմ տրամադրել տվյալ հիմքերի՝ որոշում, արձանագրություն, այլ փաստաթղթերի, պատճեները:
3. Պարոն Ալեքսանդր Վարպետյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվե՞լ է, թե՞ ոչ և եթե այո, ապա նրա առողջական վիճակը բավարար է, որպեսզի նա գտնվի փակ, մեկուսացված տարածության մեջ:
4. Տարեց հայ մարդու նկատմամբ այսպիսի վերաբերմունքի դրսևորումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արդյոք չի՞ վնասի «Արի տուն» ծրագրին»:
Հարգանքներով՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան