Գյումրեցիները «ինքնաբուխ» երթ են սկսել դեպի Երևան. Նրանց առաջնորդում է Արմեն Մարտիրոսյանը
Այսօր վաղ առավոտյան մի քանի գյումրեցիներ`«Ժառանգություն» կուսակցության համակիրներ, արվեստագետներ, նույնիսկ դպրոցականներ Գյումրու Թատերական հրապարակից ոտքով ճանապարհ են ընկել դեպի Երևան` մասնակցելու ապրիլի 9-ին իրենց ընտրած նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալման արարողությանը: Նրանց ուղեկցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:, տեղեկացնում է «aravot.am»-ը:
Երթի ամենափոքր մասնակից Գրիգոր Թումանյանը, որը սովորում է 11-րդ դասարանում, լրատվամիջոցին ասել է. «Ես գնալու եմ անպայման մասնակցեմ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանը: Սերժ Սարգսյանը չի անցել նախագահական ընտրություններում, իսկ պաշտոնական թվերը դրանք ուղղակի նկարչություն էին: Ես կարծում եմ, որ երթի ընթացքում մեզ կհետևեն, որպեսզի անշնորհքություններ չլինեն, բայց չեն խանգարի, թույլ կտան, որ նորմալ տեղ հասնենք: Երթի նպատակը ավելի շատ ընտրակեղծիքի դեմ պայքարն է, գյումրեցիներից շատերը ուզում են գնալ Ազատության հրապարակ և գումար չունեն, այդպիսի մարդիկ ոտքով են գնում, մարդիկ էլ կան, որ ոգեշնչված, այսպես ասած լեննագանցու թասիբի ընկած գնում են: Գյուղերից ու մյուս քաղաքներից մեզ միացողներ հաստատ կան` Արթիկից, Մարալիկից, Թալինից»:
Երթին մասնակցել են նաև արվեստագետներ, նկարիչներ, ովքեր ասել են, թե պետք է ճանապարհին ստեղծագործեն: «Սա միայն բողոք չէ, սա ուղղություն է, որը ավելի շուտ էինք մտածել, բայց չէինք բարձրաձայնել: Միտքը, գաղափարը մեր խմբի միջից է դուրս եկել, տարածվել, բայց մենք ուզում էինք, որ էդ ճանապարհը բռնենք-գնանք` ի նկատի ունենալով նաև, որ խոչընդոտներ կլինեն ճանապարհին: Թող անվանենք նաև բողոքի ակցիա, բայց մեր խմբում կան արվեստագետներ, որոնք պետք է ստեղծագործեն, չնայենք սա միայն բողոք, որ գնացինք բողոքելու, ինչ-որ բան ապացուցելու: Բողոքել կարելի է ոչ միայն ճչալով, գոռալ-գոչալով, որ մենք եկել ենք էս ինչ նպատակով, այլ ստեղծագործելով: Թե երկու օրվա ընթացքում ինչ ստեղծագործություններ կլինեն, կտեսնենք, մեր արվեստագետները նկարելու են», -ասել են նրանք:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ սա «Ժառանգությունը» չի կազմակերպել, «այն բացարձակ ինքնակազմակերպված է, ինքանբուխ է», և ինքը այսօր երթի մասնակիցների հետ է քաղաքացիներից մեկի զանգով-խնդրանքով, ով իրեն էր դիմել մեկ շաբաթ առաջ:
«Ես մեծ սիրով համաձայնեցի նրանց հետ լինել, թեև այսօր Երևան քաղաքում այլևս սկսվում է ավագանու քարոզարշավը, բայց ցանկացած դեպքում ես կարծում եմ հայրաքաղաքը մայրաքաղաքի հետ Հայաստանում փոփոխությունների սկիզբ է դրել: Այն հաղթանակը 70/30, որ պաշտոնական կար Գյումրիում, մենք այդ հաղթանակը այսօրվանից տանում ենք դեպի Երևան, որ ապրիլի 9-ին մենք մեկ անգամ ևս հաստատագրենք փետրվարի 18-ի հաղթանակը և մայիսի 5-ին այլևս պաշտոնական այս հարաբերակցությունը նաև Երևանում լինի»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: