Ա. Բախշյան. Քաղաքապետարանի բյուջեն հնարավորություններ է ընձեռնում երևանցիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել
«Բարև Երևան» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է նախօրեին Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում գտնվող անխնամ տարածքը մաքրելուց ու ծաղկապատումից:
«Դա խորհրդանշական միջոցառում էր, այդ տարածքից սկսեցինք մեր քարոզարշավը, քանի որ 2007-ին այդ տարածքը կառուցապատում էին, բուլդոզեր տրանսպորտ… քանդում էին: Բնակիչների ահազանգից հետո Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը կանխեցին այդ աշխատանքը, հետո հասանք նրան, որ քաղաքապետարանը չեղյալ համարեց այդ որոշումը, եթե կար իհարկե, մենք կասկածում ենք, որ նման որոշում եղել է: Համենայն դեպս այս տարածքը մնաց բաց»,-Panorama.am-ին հայտնեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, դաշինքի ծրագրում լուրջ տեղ են զբաղեցնելու կանաչապատման, աղետալի կառուցապատման դադարեցման, քաղաքի տեսքի, Երևանի կենտրոնի բեռնաթափման, հասարակական օբկետներն ու տրանսպորտը հաշմանդամներին հարմարացնելու, կրթության քաղաքականացման իսպառ վերացման հարցեր:
«Երևանը պետք է վերադարձվի երևանցիներին իր բոլոր անհրաժեշտ կառույցներով ու ծառայություններով, քաղաքացու համար պետք ստեղծել լավագույն միջոցներ»,-ասաց «Ժառանգություն» ներկայացուցիչը, միաժամանակ չժխտելով, որ կանաչապատման առումով վերջին երկու տարիներին մեծ գործ է արվել:
Բախշյանի գնահատակով, նշված խնդիրները լուծելու համար այսօր էլ կան բավարար ֆինանսական պայմաններ:
«Երևանի քաղաքապետարանի բյուջեն բավական հնարավորություններ է ընձեռնում երևանցիների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել»,-ասաց ավագանու թեկնածուն: Օրինակ, այսօր տիկին Բախշյանը կարդացել է, որ քաղաքի տարբեր մասերում տեղադրված նստարաններից յուրաքանչյուրի համար բյուջեից վճարվել է 400 դոլարին համարժեք դրամ, մինչդեռ, մրցույթում 200 դոլար առաջարկող էլ է եղել:
«Կարելի էր այդ որակով, բայց ավելի էժան նստարաններ պատվիրել ու հայթայթել: Եթե այդ ատկատի մեխանիզմը, որով հարստանում են առանձին մարդիկ, բացառենք, բավականին ազատ գումարներ կունենանք, որոնք կծառայեցնենք մեր քաղաքացուն»,-ասաց մեր զրուցակիցը:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, Երևանում նման խնդիրները մի քանի պատճառ ունեն` սրտացավ վերաբերմունքի պակաս, հարկերի ու մուտքերի վճարման նկատմամաբ ցածր պահանջկոտությունը, օրենքը աշխատեցնելու կամքի բացակայություն: «Այս բոլորն իրար հետ, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Բախշյանը:
Ինչ վերաբերում է քարոզարշավի անցկացմանը, ապա այժմ «Ժառանգություն»-ում սևեռված են Ազատության հրապարակում վաղը կայանալիք միջոցառմանը: «Դա միջոցառում չի, դա գործողություն չի, դա արթնացնելու մի զորեղ զարկ է, և «Բարև Հայաստան» շարժման գագաթնակետն է լինելու, որը հրաշալի մեկնարկ է լինելու «Բարև Երևան» դաշինքի քարոզչության համար»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն, 1 դաշինք: «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: