Մեքսիկայի նորանշանակ դեսպանը Երևանում է
Այսօր Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնեց, որ նա իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ-մեքսիկական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում Հայաստանի դեսպանություն բացելու մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գեռերոն նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հավաստիացրել, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-մեքսիկական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել էն երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին: