Մխիթարյան. «Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք»
Դոնեցկի «Շախտյորը», ինչպես արդեն տեղյակ եք, արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ, իսկ դոնեցկյան թիմի կազմում երկու անգամ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ճիշտ է` որոշ աղբյուրներ առաջին գոլը ինքնագոլ էին համարում, սակայն հետագայում պարզվեց, որ խաղի արձանագրությունում գոլը գրանցվել է հենց հայ ֆուտբոլիստի անվան դիմաց. ի վերջո, Հենրիխը հենց դարպասին էր հարվածում, և գնդակը պարզապես պաշտպանից անդրադարձ թռիչքով հայտնվեց ցանցում: Այսպիսով` Մխիթարյանն այժմ իր ակտիվում ունի 21 գոլ և վստահորեն գլխավորում է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը:
«Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք, չնայած այն բանին, որ արագ գոլ բաց թողեցինք: Դրանից հետո թիմն սկսեց ավելի լավ խաղալ, եղան մի քանի պահեր, որոնք չկարողացանք իրացնել,- ասել է Մխիթարյանը «2+2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:- Ուզում եմ շնորհավորել թիմակիցներիս հաղթանակի առթիվ, քանի որ սա շատ ծանր խաղ էր: Անհրաժեշտ է ասել, որ դեռ հանդիպումից առաջ էինք շատ լուրջ խաղ ակնկալում, գիտեինք, որ ցանկացած փոքր սխալի պատճառով կարող ենք գոլ բաց թողնել: Եվ բաց թողեցինք, բայց, փառք Աստծո, հետո երկու գոլ խփեցինք:
Լավ գիտեինք նաև, որ եթե մտածենք, որ մրցաշարային աղյուսակում շատ առաջ ենք, կարող ենք վատ խաղալ: Միստերը մեզ լավ էր նախապատրաստել, և մենք լրջորեն էինք մոտեցել այս հանդիպմանն ու ամեն ինչ արեցինք` հաղթելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում