Թուրք կին գործարարները Երևանում. Հայաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է
Հայաստանի գործարար միջավայրը թուրք գործարարներին ներկայացնելու նպատակով այսօր Երևանում մեկնարկեց «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» հայ և թուր գործարար կանանց ֆորումը, որին սակայն, միայն տղամարդիկ չէին ներկա, ինչպես որ կարելի է հասկանալ ֆորումի խորագրից: Ֆորումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Տնտեսական աճի գրասենյակի, «Կանանց ֆորում» հկ-ի կողմից:
Հայ և թուրք կանանց համագործակցության հիմքը դրվել մի քանի տարի առաջ Ստամբուլում: Այս մասին ելույթի ժամանակ հայտարարեց «Կանանց ֆորում» հկ-ի նախագահ Լիլիթ Ավետիսյանը` նշելով, որ արդեն իսկ կա ստորագրված հուշագիր իրենց հկ-ի և Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքաղ» միության միջև: Լ.Ավետիսյանի խոսքով, հուշագիրը միտված է ոչ միայն գործարար կապերի հաստատմանն ու խորացմանը, այլև երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:
«Երբ մենք նայում ենք աշխարհին, ապա մի բան այն չէ հարևաններ ու ընդհանուր սահման ունեցող Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում»,- իր խոսքում նշեց Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը:
Նա բողոքեց, որ թեև առկա է ընդհանուր սահման, բայց Հայաստան-Թուրքիա առևտուրը տարեկան ընդամենը 1 մլն դոլարի շրջանակում է, ինչը Թուրքիայի համար շատ չնչին թիվ է: Դիյաեդին Գեզերն ընդգծեց, որ իրենք շատ շահագրգռված են Հայաստանի հետ սահմանի բացմամբ, երկաթգծի վերաբացմամբ, ինչը առևտրային շրջանառության համար նպաստավոր պայմաններ կստեղծի. «Մենք հավատում ենք, որ սահմանի բացումից հետո Հայաստանի արտաքին առևտրի 55-60 տոկոսը հենց Թուրքիայի հետ կլինի, մինչդեռ այսօր հիմնական ներմուծողները Ռուսաստանն ու եվրոպական երկրներն են»,- նշեց նա:
Թուրքիայի մեկ այլ ներկայացուցիչ` Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքաղ» միության նախագահ Նևին Իլն էլ տեղեկացրեց, որ թեև իրենց միությունը միայն երկու տարվա պատմություն ունի, բայց տարածաշրջանում արդեն իսկ մեծ ներդրում ունի կանանց գործունեության առումով: Հայաստանի հետ ևս համագործակցություն կա, սակայն սահմանների փակ լինելը լուրջ խոչընդոտներ է առաջացնում. «Անցյալում վերքերը պետք է լավացնենք ու զարգացնենք հարաբերությունները: Սա սոցիալական պատասխանատվություն է, մենք պատասխանատու ենք մեր երեխաների առաջ. Առևտուրը լեզու չի ճանաչում, սահման չի ճանաչում, երկիր չի ճանաչում…. Հայաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է»,- հայտարարեց տիկին Իլը և հավելեց, որ համաձայն է այն գնահատականների հետ, որ երրորդ երկրի պատճառով ստեղծված իրավիճակը` 1993թ-ից փակ սահմանը ճիշտ չէ :
Նշենք, որ ֆորումն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: