Արվեստը օձին խաղացնում է, ո՞նց կարող է քաղաքական գործչի վրա չազդի. Ջիվան Գասպարյանը երդմնակալությանը հյուր էր
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես, հրավիրել են, պարտավոր եմ ներկա գտնվել մեր նախագահի երդմնակալության արարողությանը»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ Panorama.am-ի թղթակցի հետը զրույցում ասաց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը հրավիրված հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասարյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային երդման արարողությանը, երաժիշտը պատասխանեց. «Ես Ձեզ ասեմ, որ ես չեմ ուզում այդ հարցերի մեջ խառնվել, ամեն մարդ իր կարծիքն ունի, ամեն մարդ իր իրավունքներն ունի: Ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որ եկել եմ մեր նախագահին, մեր փորձառու նախագահին, որ ինքը հինգ տարի նախագահ է եղել, հիմա էլ կարծում եմ, որ ավելի լավ կլինի: Եկել եմ այդ կապակցությամբ»:
Հարցին, թե ընտրությունների արդյունքները նրա մոտ կասկածներ չե՞ն առաջացնում, Գասպարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես պոլիտիկայի հարցերով չեմ զբաղվում, ես ի՞նչ իմանամ, հրապարակն իր գործին է: Ես սովորաբար իմ արվեստով եմ զբաղվում, չեմ մտնում այն բաների մեջ, որոնք ինձ չեն վերաբերում:
Մյուս հարցին, թե արվեստը կարո՞ղ է ազդել քաղաքականության վրա, Ջիվան Գասպարյանը պատասխանեց. «Իհարկե, լավ արվեստը կարող է ազդել, եթե գազանների վրա ազդում է, օձին խաղացնում է, ո՞նց կարող է քաղաքական գործիչների վրա չազդել»: