Համանախագահներ. Շփման գծում Զատիկի ու Նովրուզի օրերին համեմատաբար հանդարտ է եղել
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ովքեր մարտի 18-ից 22-ը և ապրիլի 1-ից 6-ը եղել են տարածաշրջանում, այսօր Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
Համանախագահները նշել են, որ Սուրբ Զատիկի ու Նովրուզի օրերին շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել: Նրանք հույս են հայտնել, որ այն կշարունակվի:
Համանախագահները, ինչպես նշվում է հայտարարության մեջ, երկու երկրների նախագահների հետ քննարկել են դեպի Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից կատարելիք քաղաքացիական թռիչքների հարցը:
Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղ գործընթացին: Միջնորդները նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել արտաքին գործերի նախարարների հանդիպում: