Ա.Ադիբեկյան. «Քաջ Նազար Րաֆֆին` «Խենթից մինչև խենթացած» աշխատության հերոս
Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հարցում է անցկացրել 1200 երևանցիների շրջանում ճշտելու, թե ինչպես են գնահատում «Ժառանգության» շանսերը այս ընտրություններում: Ըստ այդմ, հարցվածների 42 տոկոսը անիմաստ են համարել ընտրապայքարը, 40 տոկոսը գտնում են, որ պայքարը իմաստ ունի, և միայն 13 տոկոսն է վստահ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը արդյունքի կբերի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Վերադառնալով այսօրվա իրադարձություններին, սոցիոլոգը կանխատեսեց, որ նման խեղկատակ իրավիճակների կհանդիպենք դեռ երկար, քանի դեռ Սահմանադրությունը թույլատրում է յուրաքանչյուրին առաջադրվել նախագահի պաշտոնի համար: Ըստ Ա.Ադիբեկյանի` անհրաժեշտ է Հայաստանում ներդնել ժառանգականության ինստիտուտ, որն էլ կկարգավորի այս ոլորտը և խեղկատակությանն էլ վերջ կդրվի:
«Ր.Հովհաննիսյանի գործողությունները նման են իշխանությանն ապօրինի ճանապարհներով հասնելու գործողությունների. դու չես կարող հավաքես մի 40 հազար մարդ, մտնես նախագահական ու սպանես նախագահին` ստանձնես պաշտոնը: Ժողովրդավարության իմաստը հենց դա է, որ մերժում է նման մեթոդները»,- նշեց սոցիոլոգը ու հիշեցրեց, որ եթե Հայաստանը ձգտում է դեպի եվրոպական ընտանիք, ապա հասկանալի է, այդ մեթոդները ընդունելի չեն:
Ա.Ադիբեկյանը Ր.Հովհաննիսյանին հերթական անգամ համեմատեց քաջ Նազարի հետ, ով մի պահ հայտնվել է առյուծի մեջքին ու չցանկանալով ամենևին վիրավորել «Ժառանգության» առաջնորդին, այդուհանդերձ նշեց, որ նրա գործողությունները կարելի է տեղավորել «Խենթից մինչև խենթացած» աշխատության մեջ:
Ի դեպ, բանախոսը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է հավաքել ընդամենը 8 տոկոս ձայն, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ձայները վերադարձան այդ կուսակցություններին: