Դավթաշենի «Այգում» կառուցվող շինությունը 1-3 հարկանի պետք է լինի. Վստահեցնում է քաղաքապետարանը
«Դավիթաշենի «Այգում» կառուցվող շինությունը պետք է լինի 1-3 հարկանի, թույլատրվել է կառուցել նաև նկուղային և մանսարդային կամ օգտագործելի հարթ տանիք»,- ի պատասխան Panorama.am-ի հարցադրմանը, թե արդյո՞ք քաղաքապետարանը տարածքում բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցելու թույլտվություն տվել է, կա՞ նախագիծ, տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանից:
«Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի հ.44/2, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12/10 և Փիրումյանների փողոցի հ.5 հասցեներում գտնվող 1,097 հա հողամասը կառուցապատում իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ մշակելու նպատակով 04.12.2012թ. սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսվում է այդ հողամասում իրականացնել մինչև 70% կառուցապատում, իսկ շինությունը նախագծել 1-3 հարկանի՝ թույլատրելով կառուցել նաև նկուղային և մանսարդային կամ օգտագործելի հարթ տանիք։ Հարկ է նշել, որ կառուցապատման ենթակա հողամասը գտնվում է խառը կառուցապատման գոտում և նախատեսված է հասարակական կառուցապատման համար»,- նշված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից նաև տեղեկացնում են, որ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի հ.44/2, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12/10 և Փիրումյանների փողոցի հ.5 հասցեներում գտնվող 1,097 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արմենուհի Գևորգյանին և այդ հատվածում մանկական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից 12.02.2013թ. տրված հ.01/18-Գ-298-6 քանդման թույլտվության համաձայն ներկայումս սեփականատիրոջ կողմից իրականացվում են հին շինությունների քանդման աշխատանքներ:
Նախորդող նորություն`
Ռ.Գևորգյանը` Դավիթաշենի այգու, «սևամորթ» քաղաքական ուժերի, ԲՀԿ ցուցակում իր չլինելու և դստեր լինելու մասին