Գայտանան պատրաստ է կրկին երգել հիմնը` Մխիթարյանի պատվին
Դոնեցկի «Շախտյորի» ամենակրքոտ երկրպագուհիներից մեկը հայտարարել է իր անսպասելի, բայց նաև շատ հաճելի որոշման մասին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուկրաինական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտենում է այդ երկրի ռմբարկուական ռեկորդին: Եվս երկու գոլ խփելու դեպքում նա կարող է պատմության մեջ մտնել որպես մի ֆուտբոլիստ, ով ամենաշատ թվով գոլերն է խփել մեկ առաջնության ընթացքում:
Ուկրաինացի պոպ-աստղ Գայտանան` «Շախտյոր-չեմպիոն» հիթի հեղինակը, որոշել է ինքնօրինակ կերպով աջակցել սիրելի թիմին ու անձամբ Հենրիխին: Եթե Մխիթարյանն ընթացիկ առաջնության արդյունքներով դառնա 25 գոլի հեղինակ, նա «Շախտյորի» հիմնը կերգի հայերենով:
«Ես երկրպագում եմ «Շախտյորին»` Ուկրաինայի լավագույն թիմին: Ուզում եմ «հանքափորներին» աջակցել մրցաշրջանի վերջին խաղերում, հատկապես` Հենրիխ Մխիթարյանին,- Գայտանայի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Նրա ուսերին հեշտ խնդիր չէ դրված` հաստատել նոր ռեկորդ: Կարծում եմ` «Շախտյորի» հիմնը շատ գեղեցիկ կհնչի հայերենով»:
Գայտանան համոզված է, որ իր խոստումը լավ խթան կլինի Հենրիխի համար, և նա անպայման պետք է Գայտանային օգնի բառերի թարգմանության հարցում: Մնում է ավելացնել, որ դեպի ռեկորդ տանող ճանապարհին հերթական քայլը Մխիթարյանը կարող է կատարել առաջիկա շաբաթ օրը` Լուգանսկի «Զարյայի» հետ տնային խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում