Վահրամաբերդում պայթյունի հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին աջակցություն կտրամադրվի. Սեյրան Օհանյան
Վահրամաբերդում ռուսական ռազմաբազայի տարածքում ապրիլի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին համապատասխան աջակցություն կցուցաբերվի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է Հայաստանում գտնվող ՌԴ 102 ռազմաբազայի նոր հրամանատարության հետ և նրանց միջև նման փոխհամաձայնություն է կայացել:
«Համագործակցությունը կայանում է նրանում, որ նորից պետք տեղի բնակչությանը զգուշացնենք, որ այդ տարածքում տեղի են ունենում զորավարժություններ, որոնց անցկացման ժամանակ և դրանցից հետո այդ տարածքներ այցելելը արգելվում է: Դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ փորձել են ալյումին թափոն հավաքել: Մենք արդյունքը գիտենք: Այսօր և ես, և ՌԴ ռազմաբազայի հրամանատարությունը որոշում ենք ընդունել, որ համապատասխան աջակցություն ցուցաբերենք այդ ընտանիքներին: Դեպքը ցավալի է, և մենք պետք է տեղի բնակչության ու համայնքների ղեկավարների հետ համապատասխան աշխատանք տանենք, որ բնակչությունը զգուշացված լինի», -հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Մանուկյանն արձագանքման ժամանակ նկատեց, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որի հետևանքով երեխաների դիակների կտորները գտնվել են դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա: «Դաշտը, այսինքն, մաքրել է պետք: Ես ասում եմ, որ գոնե դաս լինի հետագա նման դեպքերից խուսափելու համար», -լրացրեց Արամ Մանուկյանը:
Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ տարածքում 9 մետր խրամատներ են փորված, որոնք արգելք են տեղի բնակչության համար` տարածք մուտք չգործելու համար: «Ընդհանուր առմամբ, տեղեկացնեմ, որ այնտեղ, որտեղ տեղի են ունենում հրաձգություններ կամ այլ զորավարժություններ, այդպիսի դեպքեր բացառելը անհնարին է, որովհետև գործ ունենք նաև երկար` շուրջ 20-30 տարի օգտագործվող զինամթերքի հետ և դրանց որոշ մասն էլ հրաձգությունների ժամանակ չեն պայթում: Շատ դժվար է գտնել այդ տարածքի մեջ ու վնասազերծել դրանք շատ դժվար է: Մենք 102 ռազմաբազայի ղեկավարության հետ պայմանավորվել ենք, որ մեր ինժեներական ստորաբաժանումները ես ժամանակ առ ժամանակ կտրամադրեմ իրենց, կաջակցեն: Ցավոք սրտի դեպքը տեղի է ունենում, որից հետո մենք համապատասխան որոշում ենք ընդունում», -հավելեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:
Նախորդող հրապարակումներ. Ռուսական զորքերի տարածքում տեղի ունեցած պայթյունից երեխաներ են մահացել
Պայթյունից զոհված երեխաները գնացել էին սարը ջուր խմելու. Նոր մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում