Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանցիները Մարաղայում իրականացրել են ցեղասպանություն
«1992թ.-ի ապրիլի 10-ի Մարաղայում տեղի ունեցած իրադարձությունը Քերոլայն Քոքսն անվանել է նորագույն Գողգոթա և դրանով ամեն ինչ ասված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարաղայի ոճրագործության տարելիցին ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ Մարաղայի դեպքերից հետո իրենց ցնցումը այնքան մեծ էր, որ նույնիսկ Արթուր Մկրտչյանի մահը կապում էին այդ իրադարձություններից ստացած ծանր տպավորությունների հետ: «Մարաղայի ցեղասպանությունը իրականացվել է ադրբեջանցիների կողմից խաղաղ, անպաշտպան հայ գյուղացիների նկատմամբ»,-ասաց բանախոսը:
Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարաղայի բնակիչներին ամենադաժան մեթոդներով՝մարդկանց կենդանի այրել են, մասնատել են, ինչը հետագայում ապացուցվել է էքսգումացիայի արդյունքում:
Լ. Ալավերդյանը ասաց, որ Մարաղայի ահավոր պատկերը ցնցել էր բոլորին և այդ տեսարանները իրոք ահասարսուռ էին:
Բանախոսը նկատեց, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ 1997թ.-ին Մարաղայի վերաբերյալ իրավական մի մեծ փաթեթ էր պատրաստել, կատարել մեծ աշխատանք և այդ փաթեթը ներկայացրել ՄԱԿ:
Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանցիների կողմից գերեվարված 59 հայ պատանդներից 19-ը չի վերադարձվել, իսկ Մարաղայի պատադների հետ զրուցելուց հետո կարելի է տասնյակ գրքեր գրել այդ դժբախտ պատմությունների հիման վրա:
«Արա Սաղաթելյանը և Հանրային կապերի և տեղակատվության կենտրոնը մեծ աշխատանքներ են տարել Մարաղայի վերաբերյալ ֆիլմի ստեղծման, ինչպես նաև այլ ֆիլմաշարարերի ստեղծման ուղղությամբ»,-ասաց Լ. Ալավերդյանը:
Նա նշեց, որ ինքը երջանիկ է, որ կարողացել է համագործակցել նրանց հետ՝ ֆիլմաշարերի ստեղծման աշխատանքներին մասնակցելու առումով և ուրախ է, որ կա այդպիսի կենտրոն: