Կոմունիզմ կառուցողի, բարոյական կոդեքսի նման ինչ-որ տեքստ էր. Փորձագետը` Րաֆֆու երդման մասին
Եթե Հայ Ազգային կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունները գրագետ քարոզարաշավ անեն, ապա խիստ կասկածելի է, որ «Ժառանգություն»-ը կհաղթահարի 8 տոկոսը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետն հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Սակայն, նրա պնդմամբ, իրավիճակն այդպես չէ. Նշված կուսակցությունները ամենևին էլ գրագետ քարոզարշավ չեն անում: «Այս ամենի մեջ շահում է Հանրապետական կուսակցությունը, որովհետև հակաիշխանական տրամադրություն ունեցող մարդկանց մի մասը կարող է չգնալ ընտրությունների, իսկ մյուս երեք ուժերն էլ գրագետ քարոզարշավ չեն իրականացնում: Ահա այս ամբողջ կոնտեքստից շահող կարող է դուրս գալ Հանրապետական կուսակցությունը: Եվ եթե այդպես շարունակվի Հանրապետականը ավագանու ընտրություններում կստանա մեծամասնություն», -հավելեց փորձագետը:
Ապրիլի 9-ին Բադալյանը եղել է հրապարակում ու անմիջապես ծանոթացել իրավիճակին և նշեց, որ Ազատության հրապարակում «Ժառանգություն»-Րաֆֆի Հովհաննիսյան-ժողովուրդ բախումից, չհասկացվածությունից հետո ապրիլի 12-ին մեծ իրադարձություն տեղի չի ունենա, և մարդկանց թիվը հանրահավաքում կպակասի:
«Ճիշտ է Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի ինտրիգ անել` ձևավորելով ստվերային կառավարություն, նախարարների անուններ կհրապարակի, որը կարող է ինտրիգ առաջացնել, բայց այն մարդաշատությունը, ինչ որ կար ապրիլի իննին, այլևս չի լինի: Հասկանում եք, երբ մարզի մարդը գալիս է ու ինչ-որ գործողությունների է պատրաստ ու դու նրան ասում ես գնա, ժամը վեցին կգաս, ապա այդ մարդն հաստատ էլ չի գա», -հավելեց փորձագետը:
Ապրիլի 9-ին կայացած հանրահավաքի ինտրիգը, ըստ Բադալյանի, երդմնակալությունն էր, որը որպես այդպիսին անիմաստ էր, քանի որ երդմնակալությունը ենթադրում է ստանձնել պաշտոնը ըստ Սահմանադրության և Հայաստանի օրենքների:
«Եթե հետևեք նրա երդման տեքստին, կտեսնեք, որ նա չասաց, թե ստանձնում է Հայաստանի նախագահի պաշտոնը: Դա ուղղակի կոմունիզմ կառուցողի, բարոյական կոդեքսի նման ինչ-որ տեքստ էր, որը կարելի էր հասկանալ այսպես` լինենք լավ, օրենքը պաշտպանող: Շարքային բարոյական տեքստ էր, ինչի նման մյուս բոլոր հանրահավաքներում կարդացել էր», -հավելեց փորձագետը: