Ա.Ադիբեկյան. Տ.Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է
Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիներին Երևանի լավագույն քաղաքապետն է: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ լրագրողներին ներկայացնելով դեկտեմբերի և մարտի սոցհարցումների արդյունքները, որոնց պատվիրատուն Հանրապետական կուսակցությունն է և ևս երկու այլ կուսակցություններ. «Հարցված երևանցիների 63 տոկոսը քաղաքապետին լավագույնն են համարում, սակայն սա չի նշանակում, թե Երևանի վարչական շրջաններում խնդիրներ ու թերություններ չկան: Օրինակ, Տ.Մարգարյանից գոհ են Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում, մասամբ Դավիթաշենում, իսկ առավել դժգոհ են աջափնյակցիները, արաբկիրցիները: Ի դեպ, Կենտրոնի բնակիչները մասամբ են դժգոհ քաղաքապետից»,- ներկայացրեց նա:
Հարցվածների թվում 34 տոկոսն արդեն որոշել է, թե ում է ընտրելու, ըստ այդմ առաջատարը, ինչպես արդեն կարելի էր հասկանալ, ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տ.Մարգարյանն է՝ նրան կընտրի 24-25 տոկոսը, երկրորդ տեղում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն է, թեև երկրորդն է տոկոսային շատ ցածր ցուցանիշով՝ հարցվածների 1-4 տոկոսն է, որ կընտրի նրան: Գրեթե նույն ցուցանիշն ունեն «Բարև Երևան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն ու ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը պարագայում՝ 0.5-1.7 տոկոս, թեև այստեղ կարելի է տեղավորել նաև դաշնակցական Արմեն Ռուստամյանին՝ իր 0.4 – 1.6 տոկոսով:
Ա.Ադիբեկյանը նշեց, որ «Ժառանգության» առաջնորդի վարկանիշի վրա բացասական անդրադարձան վերջին զարգացումները, թեև դա դժվար ազդեցություն ունենա Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցանիշի վրա, քանի որ Ր.Հովհաննիսյանն ավելի շատ է դիտվում քաղաքապետի թեկնածու, քան ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: