Է.Շարմազանով. Չեմ կարծում, թե դա «one way ticket է»
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Panorama.am-ից իմացավ, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Մոսկվա: Կատակեց. «Մոսկվայով Վաշինգտոն, ինչ եք ուզում»:
Իսկ ավելի լուրջ՝ հարցին, թե արդյոք կարծում է, որ Ր.Հովհաննիսյանը կվերադառնա, Է.Շարմազանովը նշեց.
«Տեղյակ չեմ պարոն Հովհաննիսյանի ուղևորության մառշռուտին ու տեղյակ էլ չեմ, բնական է, թե ինչո՞ւ է գնում: Բայց որ վերադառնալու է՝ լավ է»,- հայտնեց նա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է կարծում, վերջին իրադարձություններից հետո Ր.Հովհաննիսյանը կվերադառնա, Է.Շարմազանովն արձագանքեց՝ «չեմ կարծում, թե դա one way ticket է»:
Է.Շարմազանովն անդրադարձավ նաև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե Ր.Հովհաննիսյանը հիասթափեցրել է.
«Ինձ ավելի շատ ոգևորեց, թե ցուցարարների մեծամասնության, թե մասնավորապես ոստիկանության շատ ճիշտ կեցվածքը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ կան մարդիկ, որոնք մի թաքուն անկյունում նստած սպասում էին, որ ինչ-որ վատ բան պետք է լինի, բայց փառք Աստծո՝ ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում թե բազմակարծությունը, թե հանդուրժողականությունը, թե ոստիկանության և ուժային կառույցների պրոֆեսիոնալիզմը բարձրացել է: Ես հիացած եմ մեր այն քաղաքացիների պահվածքով, ովքեր չգնացին սադրանքների և նաև հիասթափված եմ այն քաղաքացիների և քաղաքական սադրիչների գործունեությամբ, ում հանգիստ չի տալիս, որ Հայաստանում այլևս ցնցումներն անցյալում են»,- շեշտեց ՀՀԿ-ական փոխխոսնակը ու ավելացրեց, որ դրա վառ վկայությունն այն է, որ ուժային կառույցի ղեկավարը ամենակարևոր պահին մտավ ժողովրդի մեջ: